Լեռնային Ղարաբաղ-Ղրիմ թեզիսը չափազանց վնասակար է Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականության համար, քանի որ միջազգային տեսանկյունից այս երկու խնդիրները համեմատելի չեն:  Այս մասին մարտի 10-ի մամուլի ասուլիսում հայտարարել է  «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը:

Ըստ նրա`  Ուկրաինայի ներկայիս իրադարձությունները Հայաստանին եւս վերաբերում են այն պատճառով, որ մի շարք հայ վերլուծաբաններ Ղրիմի իրավիճակը փորձում են համեմատել Լեռնային Ղարաբաղի հետ: «Հայտնի է, որ հետխորհրդային տարածքում յուրաքանչյուր հիմնախնդիր միանգամայն տարբեր կերպ  է լուծվում», - նշել է Անուշ Սեդրակյանը:

Ըստ նրա` Ղրիմի հարցում Ռուսաստանը «բացարձակ ագրեսիայի է անցել»: «Դա կդառնա Ռուսաստանի դիվանագիտական մեկուսացման պատճառ: Այդ դեպքում Հայաստանը ՄՄ-ի հետ` որպես  կառույցի ապագա անդամ,  նույնպես  մեկուսացման մեջ կհայտնվի: Բացի միջազգային մեկուսացումից, մենք կարող ենք մեկուսացվել նաեւ  տարածաշրջանային տեսանկյունից», - ընդգծել է Անուշ Սեդրակյանը:

Նշենք, որ Ղրիմը 1954թ. Ուկրաինայի կազմում էր հայտնվել  խորհրդային կենտրոնական ղեկավարության որոշմամբ, ճիշտ նույնպես 1923թ. Լեռնային Ղարաբաղն ընդգրկել էին Ադրբեջանի կազմում: