Ղրիմում կատարվող դեպքերը Ղրիմի, նույնիսկ՝ Ուկրաինայի հարցը չեն, այլ Ռուսաստանինը: Այս մասին մարտի 10-ի մամուլի ասուլիսում հայտարարել է «Համաձայնություն» կենտրոնի ղեկավար, Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք Հայաստանի գաղտնի ծառայությունների նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանը:
Ըստ նրա` Ղրիմի իրադարձությունները մեկ գնահատական ունեն` «ագրեսիա եւ օկուպացիա»: «Այն պահին, երբ Ռուսաստանն իր կազմում ընդգրկի Ղրիմը, կգործարկվի Վլադիմիր Պուտինի ռեժիմի ոչնչացման մեխանիզմը», - վստահեցրել է Շահնազարյանը՝ ընդգծելով, որ Մայդանը եւ Ուկրաինան կստիպեն Արեւմուտքին փոխել քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ:
Նա նշել է, որ եվրոպական երկրները Ուկրաինայի հարցում ընդհանուր դիրքորոշում չունեն, սակայն այն կհայտնվի: «Ռուսաստանի կողմից նետված մարտահրավերը կհանգեցնի նրան, որ եվրոպական ընտանիքը դառնա եվրոատլանտյան: Ուկրաինայի հարցում Ռուսաստանի ներկայիս քաղաքականությունը լուրջ սպառնալիք է համաեվրոպական անվտանգության համար», - նշել է Դավիթ Շահնազարյանը:



























