Մարտի 8-ին ոստիկանության Գորիսի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ ժամը 21.30-ի սահմաններում Գորիս քաղաքի Անկախության փողոցի թիվ 4 հասցեում գտնվող ռեստորանում 27-ամյա Էյներ Խ.-ի եւ 45-ամյա Հրայր Հ.-ի մասնակցությամբ վիճաբանություն եւ քաշքշուկ է տեղի ունեցել: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանությունից:
Էյներ Խ.-ն եւ Հրայր Հ.-ն հրավիրվել են բաժին, հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:
Մեր տեղեկություններով՝ Էյներ Խ-ն Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբոր որդին է՝ Էյներ Սեյրանի Խաչատրյանը, ում անունը հնչել է մի շարք սկանդալային քրեական գործերի շրջանակում:
Մասնավորապես, ավելի վաղ Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմել էր, որ «Լիսկայի եղբոր որդիները՝ Մայիս եւ Էյներ Խաչատրյանը 2004թ փետրվարի վերջերին առանձնակի դաժանությամբ Գորիս քաղաքում իրենց կամակայություններին կուլ չգնացող, երեք մանուկների հայր Հովհաննես Բադալյանին դանակի բազմաթիվ հարվածներով սպանում են եւ Լիսկայի եղբոր որդին՝ Էյներ Խաչատրյանը մեկ օր չի ազատազրկվում, իսկ Մայիս Խաչատրյանը ընդամենը ազատազրկվում է 12 տարվա բանտարկության, իր պատիժը անց է կացնում արտոնյալ պայմաններում եւ ընդամենը 6 տարի 4 ամիս հետո ազատ է արձակվում»:




























