Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մարտի 10-ին ընդունել է  Հայաստանի Հանրապետությունում Ռումինիայի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան, նորին գերազանցություն պարոն Սորին Վասիլեին:

Պաշտպանության նախարարը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ` մաղթելով հաջողություններ հետագա աշխատանքում: Ռումինիայի արտակարգ եւ լիազոր դեսպանը շնորհակալություն հայտնելով մաղթանքների համար` նշել է, որ իր լիազորությունների սահմաններում պատրաստ է աջակցելու հայ-ռումինական պաշտպանական համագործակցության զարգացմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ռումինական պաշտպանական համագործակցության ընթացքն ու հեռանկարները, ինչպես նաեւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: