Հեռուստաալիքներին կարելի է թույլ տալ թունդ ալկոհոլային խմիչքի գովազդ հեռարձակել երեկոյան ժամը 22.00-ից մինչեւ առավոտյան ժամը 06.00-ն: Այս մասին, այսօր՝ մարտի 10-ին, ԱԺ-ում հայտարարել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը՝ ներկայացնելով «Գովազդի մասին» օրենքի փոփոխությունների մասին օրինագիծը, որը մշակել է իր կուսակից պատգամավորների հետ համատեղ:

«Կարծում եմ՝ օրինագիծը կօգնի հեռուստաալիքիներին ամրապնդել իրենց ֆինանսական դրությունը, այսինքն ավելի մեծ ուշադրություն դարձնել իրենց ծրագրերի որակին: Երկրորդն առանց առաջինի դժվար թե հնարավոր լինի»,-ասել է Ֆարմանյանը: Նրա կարծիքով՝ թունդ ալկոհոլային խմիչքի գովազդը կօգնի հեռուստաալիքներին տարեկան մինչեւ մեկ մլրդ դրամ լրացուցիչ գումար վաստակել:

Նրա խոսքով՝ բացառություն կարելի է անել հայկական կոնյակի համար, որի գովազդը կարելի կլինի հեռարձակել բոլոր ժամերին՝ հաշվի առնելով երկրի տնտեսության եւ արտահանման համար կոնյակի արտադրության կարեւորությունը:

Իր հերթին, ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նկատել է, որ այդ օրենքը արտասահմանյան բրենդներին կարող է փաստացի առավելություն տալ. Արտասահմանյան օղի, վիսկի եւ այլ խմիչքներ վաճառողները, իրենց հնարավորություններով, կարող են ավելի շատ եթերաժամանակ գնել, քան տեղական գործարանները: