Ուկրաինայի խորհրդարանի քննարկմանը Ազգային գվարդիայի ստեղծման մասին օրինագիծ կներկայացվի: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովը:
«Մոտ ժամանակներս Ազգային գվարդիայի համար մոբիլիզացիա կհայտարարենք: 20 հազար գվարդիականներ կկանչվեն Ուկրաինայի սահմանների եւ քաղաքացիական կարգուկանոնի պաշտպանության համար: Սա մեր պատասխանն է դրսից ապակայունացմանը, եւ դա ռազմական պատասխան չէ, այլ քաղաքացիական հասարակության կազմակերպված պատասխան: Ով չգիտի, ասեմ, որ երկրի զինկոմիսարիատներում մի քանի տասնյակ հազար մարդ կամավոր ներկայացել է եւ խնդրել զորակոչել իրեն: Ընդ որում, սա կազմակերպված նպատակաուղղված մոբիլիզացիայի համակարգից դուրս է»,-գրել է Ավակովը:
Նշենք, որ Ուկրաինայում Ազգային գվարդիա գոյություն ունեցել է 1992-2001 թվականների ընթացքում:




























