Պետական բուհերի առկա ուսուցման 1-ին կուրսի՝ անվճար համակարգում չընդգրկված 780 ուսանող, այսօր՝ մարտի 11-ին, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից ստացավ կրթաթոշակի հավաստագիր։ Արարողությանը ներկա էր եւ մի շարք ուսանողների հավաստագրեր հանձնեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ ՀՀ կառավարությունը կրթաթոշակի հատկացման մրցույթ կազմակերպելու համար երիտասարդական հիմնադրամին է հատկացրել 60 միլիոն դրամ։

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, դիմելով ուսանողներին, նշեց, որ ուսման վարձի փոխհատուցման ծրագիրը լինելու է շարունակական։ «Ինչ էլ ձեզ համար անենք, միեւնույն է, քիչ է, դուք ավելիին եք արժանի։ Կառավարության կարեւորագույն խնդիրներից մեկն այն է, որ դուք ձեզ երջանիկ զգաք մեր հայրենիքում եւ ձեր ապագան կապեք հայրենիքի հետ: Այս ծրագիրը շարունակական է լինելու, քանի որ ուսանողական ինքնակառավարման լավ ձեւ է։ Ինքներդ չափանիշներ եք սահմանում, ընտրում եք ում տալ կրթաթոշակ, ինքներդ վերահսկում եք, տեսնում եք, թե գումարներն ում են հասնում, ինչը խթան է լավ սովորելու»,- նշեց վարչապետը։

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն ընդգծեց, որ գերազանց առաջադիմություն ունեցող ուսանողները, ովքեր ի վիճակի չեն ուսման վարձ վճարել, չպետք է դուրս մնան համակարգից, եւ կրթաթոշակների այս մրցույթը դրա լավագույն հնարավորությունն է։

Այս տարի ուսման վարձի փոխհատուցում ստանալու համար դիմել է մոտ 1500 ուսանող։ Դիմել են Հայաստանի գրեթե բոլոր պետական բուհերից, այդ թվում՝ մարզերում գործող եւ միջպետական բարձրագույն ուսումնական հաստատություններից։ Մասնավորապես, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանից դիմել է 259 առաջին կուրսեցի, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանից՝ 239, Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտից՝ 79, Գավառի պետական համալսարանից՝ 23, ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղից՝ 9 եւ այլն։ Մարզերում գործող բուհերից ընդհանուր առմամբ դիմել է 217 առաջին կուրսեցի։ Հաշվի առնելով մրցույթին դիմած ուսանողների մեծ թիվը՝ հիմնադրամը, բացի կառավարության կողմից հատկացված 60 միլիոն դրամից, իր միջոցներից եւս գումարներ է հատկացրել՝ ուսանողների ուսման վարձը փոխհատուցելու նպատակով։

Կրթաթոշակ ստացած բոլոր ուսանողների անունները հրապարակված են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի heh.am պաշտոնական կայքում։

Նշենք, որ 2011-2013թթ. Հայաստանի երիտասարդական հիմնադրամը ՀՀ կառավարության եւ կրթության եւ գիտության նախարարության աջակցությամբ փոխհատուցել է պետական բուհերի անվճար համակարգում չընդգրկված ավելի քան 2150 ուսանողի ուսման վարձը։