Աշխարհում տարածքների նոր բաժանում է ընթանում, որը սպառնում է նոր աշխարհաքաղաքական հիմք դառնալ, կարող է ազդել նաեւ Հայաստանի վրա: Այդ մասին Ազգային Ժողովում հայտարարել է ընդդիմադիր պատգամավոր, նորաստեղծ ՀՀՇ կուսակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանը՝ նկատելով, որ Հայաստանը տարածաշրջանի միակ երկիրն է, որի տարածքում ռուսական ռազմակայան է գտնվում, նաեւ միակ երկիրն է, որ ՀԱՊԿ անդամ է:
Ըստ Արզումանյանի, այդ հանգամանքը ցանկացած պահի կարող է սպառնալիք դառնալ Հայաստանի պետականության եւ անկախության համար։ «Հետեւաբար, այդ համատեքստում Հայոց համազգային շարժումը կարծում է, թե Հայաստանը պետք է վերանայի ՀԱՊԿ-ին անդամության պայմանները, նաեւ վերանայի Հայաստանում ռուսական ռազմակայանի գտնվելու հանգամանքը»: Արզումանյանի խոսքով, ՀՀՇ-ում նպատակահարմար են համարում Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների խորացումը, ինչի շնորհիվ Հայաստանը կդիտարկվի որպես ինքնուրույն պետություն:



























