Մինչեւ խորհրդարանական ընտրությունները Սերբիայի կառավարությունը կարող է միայն ընդհանուր աջակցություն հայտնել Ուկրաինային: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է Սերբիայի արտգործնախարար Իվան Մկրկիչը, ով առաջին սերբ-հայկական բիզնես-ֆորումի կապակցությամբ ժամանել է Երեւան:

Ուկրաինայում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Սերբիայի դիրքորոշման մասին հարցին, ինչպես նաեւ այն մասին, թե արդյոք այն ներդաշնակ է Բրյուսելի դիրքորոշման հետ, Մկրկիչը պատասխանել է. «Առայժմ կարող եմ միայն նշել, որ մեզ մոտ նախընտրական շրջան է: Մարտի 16-ին մեզ մոտ ընտրություններ են անցկացվելու»: Գործող իշխանությունը, հավելել է նա, որ ժամանակավոր կաբինետի բնույթ է կրում: «Քանի  դեռ մենք նոր խորհրդարան չենք ընտրել եւ նոր կառավարություն չունենք, մենք կարող ենք առաջվա պես մեր ընդհանուր աջակցությունը հայտնել խնդրի խաղաղ կարգավորմանը՝ միջազգային իրավունքի բոլոր սկզբունքներին համապատասխան»,- հայտարարել է Սերբիայի արտգործնախարարը:

Նշենք, որ Սերբիայում խորհրդարանական ընտրությունները կկայանան մարտի 16-ին: Գործող կոալիցիան, որի կազմում են Սերբիայի պրոգրեսիվ կուսակցությունը եւ Սերբիայի սոցիալիստական կուսակցությունը, եվրաինտեգրացումը համարում են կարեւոր առաջնահերթություններից մեկը: