Հայաստանի գյուղնախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից մարտի 3-ին տեղեկատվություն է ստացվել, որ Հայաստանի Հանրապետությունում «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների ընթացքում Կոտայքի մարզի Ձորաղբյուր համայնքի առանձին բնակիչների տնտեսություններում (թվով 17) արձանագրվել է խոշոր եղջերավոր կենդանիների բրուցելոզ հիվանդության դեպքեր (թվով 36 գլուխ՝ լաբորատոր հետազոտությունների արդյունքում):

ՀՀ ԱՆ մասնագետների կողմից տեղեկատվությունը ստանալուց անմիջապես հետո տեղում կազմակերպվել է համաճարակաբանական հետազոտություն վերը նշված 17 տնտեսությունում (93 անձանց շրջանում հարցում, դիտարկում եւ այլն), իրականացվել է գրեթե 77 անձի արյան նմուշառում, ովքեր շփվել են հիվանդ կենդանիների հետ եւ նրանց նկատմամբ սահմանվել է բժշկական հսկողություն:

Արձանագրվել է բրուցելոզով մեկ հիվանդ, որի տնտեսությունում եղել է հիվանդ կով եւ սպանդի է ենթարկվել: Հիվանդն առողջացումով դուրս է գրվել «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում բուժում ստանալուց հետո:

Լաբորատոր հետազոտությունները շարունակվում են, մյուս անձանց վերջնական ախտորոշումը պարզ կլինի կրկնակի հետազոտությունների արդյունքում (քանի որ հնարավոր է բրուցելոզով վարակվածների մոտ հիվանդության զարգացման արդյունքում հակամարմինների տիտրի աճ գրանցվի): Բնակչության շրջանում իրականացվել է բժշկահիգիենիկ գիտելիքների տարածում եւ առողջ ապրելակերպի քարոզչություն՝ բրուցելոզի կանխարգելման հարցերի վերաբերյալ: Աշխատանքները շարունակվում են: