Շվեյցարիայի դատախազությունը քրեական հետաքննություն է վարում Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովի ավագ դուստր Գուլնարայի նկատմամբ, որին կասկածում են փողերի յուրացման մեջ:
Շվեյցարական բանկերում փողերի ենթադրյալ յուրացման գործով քննությունը կապված է հեռահաղորդակցման ծառայությունների ուզբեկական շուկայում իրավախախտումների հետ, ասվում է Շվեյցարիայի դատախազության մամուլի հաղորդագրության մեջ:
Տվյալ գործի քննության շրջանակում արդեն կալանք է դրվել 800 միլիոն շվեյցարական ֆրանկը գերազանցող գումարի վրա:
Սկզբնապես քննությունն իրականացվում էր Ուզբեկստանի չորս քաղաքացիների նկատմամբ, որոնք Գուլնարա Քարիմովայի հետ մասնավոր բնույթի ֆինանսական կապեր ունեին: 2012թ. ամռանը նրանցից երկուսը կալանավորվել էին Ժնեւում, իսկ հետո գրավի դիմաց ազատ արձակվել:
Շվեյցարիայի դատախազությունը նշում է, որ Քարիմովան մինչեւ 2013թ. ամառը դիվանագիտական անձեռնմխելիություն ուներ՝ որպես ՄԱԿ-ում Ուզբեկստանի եւ Ժնեւում տեղակայված միջազգային կազմակերպությունների մշտական ներկայացուցիչ: Անցյալ տարվա օգոստոսին դատախազության աշխատակիցները ոստիկանության հետ խուզարկել էին Գուլնարայի Ժնեւի առանձնատունը՝ նրա դեմ հավաքելով նոր փաստեր: Քարիմովայի նկատմամբ քննությունն սկսվել էր 2013թ. սեպտեմբերի 16-ին, ասվում է հայտարարության մեջ:
Ուզբեկստանում ձերբակալվել է Գայանե Ավագյանը՝ նախագահ Քարիմովի դստեր «աջ ձեռքը»




























