«Եզրագծից այն կողմ» եւ մի շարք այլ ֆիլմերում նկարահանված, «32 ատամ» ակումբի, թիվ 32 թատրոնի դերասաններից, Արցախյան ազատամարտի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ, 3 երեխաների հայր Կարեն Մկրտչյանի՝ իր շենքի բակում անհայտ անձի կողմի ցհարվածներ ստանալու դեպքով քրեական գործ չի հարուցվի: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից:

Նյութերի նախապատրաստմամբ քրեական գործի հարուցումը մերժվել է Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հատկանիշներով՝ բացակայում է դիմողի բողոքը:

Մեր տեղեկություններով՝ դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ պարզվել է, որ միջադեպի հետեւանքով դերասանը ստացել է «չքայքայող թեթեւ մարմնական վնասվածք»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ազատամարտիկ, դերասան Կարեն Մկրտչյանը մարմնական վնասվածքներ է ստացել: Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնել էին, որ դեկտեմբերի 26-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ «ուղեղի ցնցում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդ: Պարզվել է, որ նա Երեւանի Գայի պողոտայի 2-րդ շենքի բնակիչ, 38-ամյա Կարեն Մկրտչյանն է, որը վնասվածքը ստացել է իրենց շենքի բակում՝ անհայտ անձի կողմից ստացած հարվածների հետեւանքով: Դեպքից հետո՝ ամիսներ շարունակ, նա գտնվում  է անվասայլակին, սակայն այժմ  նաեւ կակազում է եւ օրեցօր կորցնում խոսելու կարողությունը: Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են օգնել Կարենին, կարող են գումար փոխանցել «Յունիբանկում» բացված հետեւյալ հաշվեհամարներին, դրամով փոխանցման դեպքում՝ 24100265048901, դոլարով փոխանցման դեպքում՝ 24100265048902, եվրոյով՝ 24100265048903: Կարենին օգնելու նպատակով Առնո Բաբաջանյան համերգասրահում մարտի 30-ին կկազմակերպվի բարեգործական համերգ, իսկ մարտի 9-ին էլ ԵՊՀ-ի ժուռնալիստիկայի ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողներն ու ՀԱԱՀ-ի վարժարանի ուսանողները անցկացրին բարեգործական ֆուտբոլային հանդիպում, որի ընթացքում հավաքվեց մոտ 150 հազար դրամ