«Մանանա Գրեյն» ՍՊԸ-ին պատկանող 56 մլն դրամը հափշտակելու համար 5.5 տարվա ազատազրկման դատապարտված, HSBC բանկի աշխատակից Աշոտ Առուշանյանի հայրը գիտակցում է, որ իր վարկածը, թե «Հենց «Մանանա Գրեյն» է 56 մլն դրամը գողացել», կարող է վնաս հասցնել ընկերության համբավին:

Աշոտ Առուշանյանի հայրը՝ Լավրենտ Առուշանյանը NEWS.am-ին ուղարկված նամակում մասնավորապես գրել է.

«Ցանկանում եմ նշել, որ խոսքս մի քիչ կոպիտ է հնչել, եւ գիտակցում եմ, որ իմ առաջ քաշած կարծիքը, որը պարզապես վարկած է (ի դեպ հենց սկզբնապես ոստիկանության կողմից առաջ քաշված վարկած- տես 2012 թվականի հունիսի 10-ի 20 հաղորդաշարը (դիտել 09.30 րոպեից), կարող էր վնաս հասցնել «Մանանա Գրեյն» ՍՊԸ-ի բարի համբավին: Ուստիեւ ցավում եմ: Ցանկանում եմ նշել, որ գործը դեռեւս դատաքննության փուլում է, եւ ես չպետք է շտապեի իմ կարծիքը հայտնելուն:

Խնդիրն այն է, որ արդեն մոտ երկու տարի անազատության մեջ է գտնվում անմեղ որիդս, որի ձերբակալման պատճառը մինչեւ օրս հանելուկ է մեզ համար: Հետեւապես ես չեմ բացառում եւ ոչ մի տարբերակ: Մի պարզ իրողություն գիտեմ, որ իմ որդին այդ գործի հետ բացարձակապես ու ոչ մի առնչություն չունի: Բացի հանգուցյալի իրարամերժ ու հակասող ցուցմունքներից՝ իմ որդու դեմ վկայող ոչ մի փաստ չկա այդ գործում: Ավելին, գործում առկա բոլոր փաստերը, որոնք կոչված են հանգուցյալի ցուցմունքը հիմնավորելուն, ամբողջությամբ հերքում են այն: Այդ է վկայում նաեւ Վերաքննիչ դատարանի կողմից բեկանումը հենց որդուս մասով:

Կրկնվեմ, որ միտքս միտված չէր ընկերության բարի համբավին վնասելուն:

Համենայն դեպս վաղ է խոսել դատավարության ելքի կամ այն կատարող անձանց մասին, որի գնահատական տվողը դատարանն է»: Ավելի վաղ Լավրենտ Առուշանյանը NEWS.am-ի հետ զրույցում ասել էր, որ թալանը կազմակերպել է հենց «Մանանա Գրեյն» ընկերությունը. «Տղուս վրա ցուցմունք տվել ա մենակ Արտաշեսը, որն էլ ոստիկանությանը փող տալով ազատվել էր, բայց օրեր անց ինքնասպան էր եղել: Չեմ էլ հավատում ինքնասպանության վարկածին: Մենակ մի մարդու տված ցուցմունքով տղուս դատապարտել են»: 

Հիշեցնենք, որ ընդհանուր իրավասության դատարանը Աշոտ Առուշանյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 38-177-րդ հոդվածի 3-րդ մասով, այն բանի համար, որ նա խմբով առանձնապես խոշոր չափերի գողություն կատարելու դիտավորություն ունեցող իր ընկերներ Էդգար Կարաքեշիշյանին եւ ծանոթ Արտաշես Գալուստյանին /հանգուցյալ/ օժանդակել է հանցագործության կատարմանը` վերջիններիս տրամադրելով տեղեկատվություն առանձնապես խոշոր չափերի գումարի վերաբերյալ: Կասկածյալ, այժմ արդեն հանգուցյալ Արտաշես Գալուստյանը իրավապահ մարմիններում հարցաքննության ժամանակ ցուցմունք էր տվել, թե 2011թ. հունիսի սկզբներին Օպերայի տարածքում գտնվող սրճարաններից մեկում ինքը, Էդգար Կարաքեշիշյանը եւ Աշոտ Առուշանյանը հանդիպել են եւ որի ժամանակ վերջինս Կարաքեշիշյանին է փոխանցել HSBC բանկի համակարգչային բազայից հանված մի թուղթ, որի վրա նշված է եղել տուժողի՝ «Մանանա Գրեյն» ՍՊԸ-ի տնօրենի կողմից տեղափոխված գումարի եւ դրա օրվա հաճախականության վերաբերյալ տեղեկատվություն: