Գործարար Ռուբեն Գալուստյանի՝ «Բենզին Ռուբոյի» որդու՝ 24-ամյա Արման Գալուստյանի հայտնաբերումից հետո դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության եւ թեթեւ վնաս հասցնելու դեպքերով քրեական գործի վարույթը վերսկսվել է: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Դատական տեղեկատվական համակարգից:
Գործով դատական նիստը նշանակվել է մարտի 21-ին: Արման Գալուստյանի խափանման միջոցը փոխվել էր, եւ այժմ նա կալանավորված է:
Նշենք, որ Արման Ռոբերտի Գալուստյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2013թ մայիսի 19-ին նա վիճաբանել է Սամվել Աբրահամյանի հետ (տաքսի մեքենայի վարորդ), երկաթյա առարկայով հարվածներ է հասցրել Ս.Աբրահամյանի գլխին, վերջինիս առողջությանը պատճառելով թեթեւ վնաս: Նման մի դեպք էր գրանցվել է 2013թ մայիսի 31-ին, Արման Գալուստյանը նորից հրաժարվել էր վճարել տաքսի ծառայությանն մեքենայի վարորդին՝ ասելով, թե մանր գումար չունի, մտել էր վիճաբանության մեջ եւ բռունցքով հարվածել է վարորդ Ա.Վաղարշակյանի դեմքին, ապա դիմել փախուստի:
Գործը գտնվում է Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարան, սակայն «Բեզնին Ռուբոյի» որդին այդպես էլ չէր ներկայանում դատական նիստերին: Մեղադրողը միջնորդել էր նրա նկատմամբ կիրառել ավելի խիստ խափանման միջոց՝ կալանավորում ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արման Գալուստյանը փաստացի թաքնվում է քրեական վարույթն իրականացնող մարմնից եւ խախտել է իր նկատմամբ ընտրված ավելի մեղմ խափանման միջոցի՝ չհեռանալու մասին ստորագրության պայմանները, այսինքն, նրա գտնվելու վայրը հայտնի չէ։ Դատարանն արձանագրել է, որ ամբաստանյալ Արման Ռոբերտի Գալուստյանը գտնվելով չհեռանալու մասին ստորագրության ձեւով ընտրված խափանման միջոցի ներքո, ըստ էության չարամտորեն խուսափում է դատարան ներկայանալուց, մի քանի անգամ հրաժարվել է դատարանի կողմից ուղարկված ծանուցագրերը ստանալուց, քանի որ, դրանք դատարան են վերադարձել «չի պահանջվել» մակագրությամբ։ Ըստ այդմ՝ «Բենզին Ռուբոյի» որդու նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, ընտրվել էր նոր խափանման միջոց՝ կալանավորում, իսկ գործի վարույթը կասեցվել էր մինչեւ նրա հայտնաբերումը:
Ի դեպ, 2011թ Արման Գալուստյանը 4 տարվա ազատազրկման էր դատապարտվել խուլիգանության հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում, սակայն Վերաքննիչ դատարանը բեկանել էր առաջին ատյանի վճիռը եւ նշանակել պատիժ 2 տարի ժամկետով:



























