Ղրիմի հայկական համայնքի ազգային խորհուրդը բանաձեւ է ընդունել, որի համաձայն կոչ է արվում մասնակցել առաջիկա կիրակի օրը կայանալիք հանրաքվեին ու կողմ քվեարկել թերակղզու Ռուսաստանին միանալուն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Ղրիմի հայկական համայնքի նախագահ Վաղարշակ Մելքոնյանը:

Ըստ նրա՝ արդեն հայտարարված է այն մասին, որ Ղրիմի Սահմանադրությունում կերաշխավորվի ղրիմի թաթարների 20 տոկոս քվոտան իշխանական բոլոր մարմիններում: «Հայերս, բուլղարները, հույներն ու գերմանացիները միավորվել ենք մեկ ասոցիացիայում ու պահանջում ենք, որպեսզի նույն սկզբունքներով առաջնորդվեն նաեւ մեր նկատմամբ, եթե, իհարկե, նշված սկզբունքը կիրառվի ղրիմցի թաթարների նկատմամբ»,-նշել է նա:

Նա նաեւ հավելել է, որ Ազգային խորհրդի նիստի ժամանակ ստեղծվել է կազմկոմիտե՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված հուշարձանի տեղադրման հարցերով: