Ուկրաինայի հայկական համայնքի համար միեւնույն չէ երկրի ճակատագիրը: Այս մասին այսօր Երեւանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանում Ուկրաինայի արտակարգ ու լիազոր դեսպան Իվան Կուխտան:
Ըստ նրա՝ Հայաստանի ու Ուկրաինայի միջեւ հարաբերությունները միշտ էլ բարեկամական են եղել: «Երկրում հայկական մեծ սփյուռք կա՝ 2011-ի տվյալներով 120 հազար հայ: Այսօր նրանց թիվը երկու-երեք անգամ ավել է»,-ընդգծել է դեսպանը, հավելելով, որ Ուկրաինայի հայ համայնքը բազմաթիվ պատմամշակութային կոթողներ ունի: «Պետությունն անում է ամեն բան՝ փոքրամասնությունների զարգացման համար: Հայկական սփյուռքը շատ ակտիվ է: Նրանց համար միեւնույն չէ Ուկրաինայի ճակատագիրը»,-հայտարարել է դեսպանը՝ հիշելով հայազգի երկու զոհերի մասին:
Դիվանագետը հավելել է, որ հայկական կողմն արդեն իր դիրքորոշումն արտահայտել է ուկրաինական իրադարձությունների վերաբերյալ, ըստ որի, Հայաստանը կողմ է հակամարտության խաղաղ կարգավորմանը: Ըստ նրա՝ երկրների միջեւ հարաբերությունները զարգանալու են:



























