Ողջ աշխարհում կուսակցությունների խոշորացման գործընթաց է ընթանում, եւ կգա ժամանակը, երբ Հայաստանի կուսակցությունները նույնպես կգնան այդ ճանապարհով: Այս մասին այսօր՝ մարտի 13-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀԿ մամուլի քարտուղար, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով խորհրդարանական ոչ իշխանական 4 ուժերի համախմբումը:

«Իշխանությունը միշտ կողմ է եղել, որ տեղի ունենա բացառապես քաղաքական եւ առողջ պայքար: Ես չեմ բացառում, որ մենք կարող ենք գնալ մի շարք ժողովրդավարական երկրների ճանապարհով, կուսակցությունների խոշորացման ճանապարհով՝ ձեւավորելով երկու քաղաքական բեւեռներ՝ ՀՀԿ-ն եւ երկրորդ բեւեռը, որն իր մեջ կներառի փոքր կուսակցությունների, որոնք ժամանակի ընթացքում կմիավորվեն ու կձուլվեն ԲՀԿ-ի հետ: Մենք դրականորեն ենք վերաբերում նման միավորումներին»,-ասել է Շարմազանովը:

Նրա խոսքով՝ կարելի է անցնել նաեւ երկկուսակցական համակարգի: «Ես լուրջ առաջարկ եմ անում, ասելով, որ հնարավոր է միավորում ԲՀԿ-ի գլխավորությամբ: Նրանք ասում են, որ ՀՀԿ-ն նման է ԽՄԿԿ-ին: Ուզում եմ նրանց բարի խորհուրդ տալ. Եթե նրանք չմիավորվեն ԲՀԿ-ի հետ, ապա կնմանվեն պիոներների եւ հոկտեմբերիկների: Իսկ ինչո՞ւ հենց ԲՀԿ-ի հետ. որովհետեւ դա ամենամեծ կուսակցությունն է, եւ ոչ թե ԲՀԿ-ն է գնում մյուս ուժերի մոտ, այլ նրանք են գնում ԲՀԿ-ի հետ խորհրդակցությունների: Աշխարհում միշտ էլ այդպես է, փոքրերը միավորվում են մեծերի հետ»:

Հարցին, թե իր կարծիքով, ոչ իշխանական 4 ուժերն ունե՞ն առաջնորդ, Շարմազանովը պատասխանել է, որ առաջնորդին իրենք պետք է ընտրեն, իսկ մինչեւ հաջորդ համապետական ընտրություններ (2017 թվական) դեռ ժամանակ կա: