Արդեն երկու օր է՝ փրկարարները Արարատի մարզի Ռանչպար գյուղում՝ «Սեւ ջուր» կոչվող լճի տարածքում որոնում են ջրահեղձ եղած քաղաքացու դին: NEWS.am-ը Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացավ, որ մարտի 13-ին, ժամը 16.26-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Ռանչպար գյուղում՝ «Սեւ ջուր» կոչվող լճի ափին, հայտնաբերվել է քաղաքացու հագուստ, կասկածվում է, որ քաղաքացին ջրահեղձ է եղել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ հատուկ փրկարարական ջոկատը՝ ջրասուզակով:
Ժամը 20.20-ի դրությամբ որոնողական աշխատանքները դադարեցվել են: Դրանք վերսկսվել են այսօր՝ մարտի 14-ի առավոտյան:



























