Հայաստանի ներքաղաքական դաշտում ուշադրությունը սեւեռված է խորհրդարանական ոչ իշխանական չորս ուժերի համագործակցության վրա, եւ թեպետ  իշխանությունները լոյալ են արձագանքում այդ համագործակցությանը, այնուամենայնիվ ջանում են խանգարել գործընթացին: Այս մասին մարտի 14-ին ԱԺ-ում կայացած ճեպազրույցում հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:

Ըստ նրա՝ իշխանությունները լավ են գիտակցում, որ խորհրդարանական չորս ուժերի համագործակցության արդյունքում երկրում իշխանափոխություն կլինի, քանի որ հստակ առաջադրանք կա՝  ստեղծված իրավիճակում իշխանափոխության անհրաժեշտություն: «Եթե իշխանությունը քաղաքական կամք ունի, կարող է միանալ մեզ, դառնալ հինգերորդ քաղաքական ուժը եւ փրկել երկիրը: Այնուամենայնիվ, իշխանությունը փորձում է խանգարել չորս ուժերի համագործակցությանը»:

Հակոբյանը նաեւ նշել է, որ «Ժառանգությունը» երկրում ամբողջական համակարգային փոփոխության կողմնակից է. «Մենք՝ քաղաքական չորս ուժերս, ցանկանում ենք փոխզիջման ճանապարհով միասնական օրակարգ ձեւավորել եւ երկիրը դուրս բերել ճգնաժամից: Ոչ մի քաղաքական ուժ միայնակ չի կարող երկրում իրավիճակը փոխել»:

Հարցին, թե ինչպես կձեւավորվի նոր կառավարություն՝ ՀՀԿ-ական մեծամասնության առկայության պարագայում, Հակոբյանը նշել է, որ խորհրդարանում հանրապետական մեծամասնության առկայությունը չպետք է խորհրդարանի պատերից դուրս արտացոլվի, եւ կառավարություն ձեւավորելիս պետք է դա նկատի ունենալ. «Եթե այլ ուժերը ներկայիս կառավարությանն այլընտրանք չներկայացնեն,  իշխանափոխություն ինքնանպատակ կդառնա»: