Հայաստանը ներքին եւ արտաքին մարտահրավերների առջեւ է, եւ սա գործող իշխանության կառավարման արդյունքն է: Այս մասին մարտի 14-ի խորհրդարանական ճեպազրույցում հայտնել է ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը:
«Մենք ոչ միայն կպահանջենք կառավարության հրաժարականը, այլեւ ճանապարհային քարտեզի ծրագիր կներկայացնենք, որպեսզի հաջորդ իշխանությունը չկրկնի ներկա իշխանության սխալները: Մենք մեկանգամյա քայլերի կողմնակից չենք, հենց այդ պատճառով հետագա քայլեր ենք մշակում»,- հայտարարել է Վարդանյանը:
Ի պատասխան հարցին, թե համագործակցությանը չի՞ խանգարում այն, որ ԲՀԿ-ն շարունակում է այլընտրանք մնալ, ոչ թե ընդդիմություն, Վարդանյանը նշել է, որ տվյալ համատեքստում ձեւը կարեւոր չէ, կարեւորն էությունն է, իսկ ԲՀԿ-ն գործով է ցույց տալիս իր դիրքորոշումը:
Վարդանյանի խոսքով՝ քննարկվում է նաեւ քաղաքական չորս ուժերի հանդիպումների անցկացման վայրը: «Կարեւոր չէ՝ որտեղ է կայանում հանդիպումը, կարեւորն այն է, թե ինչ է քննարկվում: Եթե խորհրդարանական մեծամասնությունն, ի դեմս ՀՀԿ-ի, ընդունի մեր առաջարկները եւ պատրաստ լինի դրանք իրագործել, ապա նրանք կդառնան մեզնից մեկը՝ երկիրը ճգնաժամից հանելու ճանապարհին»:



























