Դերասան Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը դիմել է  Կոտայքի մարզի դատախազ Վազգեն Ռշտունուն մարտի 12-ին կայացած դատական նիստի ժամանակ տուժող Հայկ Հակոբյանի կողմից իր հասցեին վիրավորանք հնչեցնելու դեպքի առթիվ արդարադատության նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորելու հատկանիշներով քրեական գործ հարուցելու պահանջով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Նիկոլայ Բաղդասարյանը:

«Ւնձ համար անհասկանալի է, որ մասնակցող դատախազը, որին օրենսդրությամբ դրված է պարտականություն քրեորեն պատժելի արարք հայտնաբերելու դեպքում համապատասխան միջոցներ ձեռնարկել, մասնավորապես, նա պարտավոր է գործ հարուցել, կամ դատավորի վարքագիծը, որը չի տարբերակել հանցակազմ պարունակող արարքը զանցանքից եւ փոխարենը միջնորդությամբ հանդես գա դատախազին գործ հարուցելու, դատական նիստի ժամանակ նա նախատում է տուժող Հայկ Հակոբյանին, որ հաջորդ անգամ եթե նա հանցագործություն կատարի, սանկցիա կկիրառի: Մտահոգություն ունեմ, որ եթե դատավորը չի տարբերում հանցագործության հատկանիշներ պարունակող արարքը զանցանքից, ո՞նց է քննելու Վարդան Պետրոսյանի գործը»,- ասաց Նիկոլայ Բաղդասարյանը:

Նա նշեց, որ դիտելով դատական նիստի տեսագրությունը՝ ուղղակի զարմացած է   հնչեցված կարծիքներից եւ դատավորի վարքագծից, որը պաշտպանի բացակայությամբ պարտավոր էր քննարկեր միայն դատական նիստը հետաձգելու հարցը, մինչդեռ նրանք քննարկում են հարցեր, որի իրավասությունը այդ պահին իրենք չունեին, քանի որ նիստը դեռ նոր է բացվել: Մասնավորապես, փաստաբանը նշեց, որ դատական նիստին իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն է ներկայացվում Վարդան Պետրոսյանի 5 փաստաբան ունենալու մասին եւ դա քննարկվում է: Նիկոլայ Բաղդասարյանի փոխանցմամբ՝ Վարդան Պետրոսյանը մինչեւ դատական նիստը իր միջոցով գրավոր դիմում է ներկայացրել, թե ովքեր են հանդես գալու իր պաշտպանները, եւ այդ հարցը կարող էր քննարկվեր դատական նիստը սկսվելուց հետո, այլ ոչ թե համատեղ, ինչը նշված է նաեւ դատավարական օրենսգրքի մեջ:

Նշենք, որ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում մարտի 12-ին հետաձգվել է դերասան Վարդան Պետրոսյանի գործով առաջին դատական նիստը։ Դերասանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը համապատասխան միջնորդություն էր ներկայացրել՝ պատճառաբանելով, որ ժամը 12։30-ին, մեկ այլ դատարանում նիստի է, իսկ հետո գնալու է փաստաբանական դասընթացի։ Տուժող կողմի փաստաբան Ռուբեն Բալոյանը հայտարարել էր, որ սա միտումնավոր հետաձգում է. «Եթե Նիկոլայ Բաղդասարյանը չի ներկայացել, Վարդան Պետրոսյանն ունի եւս չորս պաշտպան, նրանցից մեկը կարող էր ներկայանալ»,- ասել էր փաստաբանը՝ նշելով, որ այս հետաձգումը եւ բարոյական եւ ֆիզիկական ցավ է պատճառում տուժող կողմին։ Մինչև դատավոր Վաղինակ Մկրտչյանը որոշում կկայացներ,Վարդան Պետրոսյանը հայտարարել է, որ ինքը խոսք է ուզում ուղղել տուժողներին: Դերասանը մեկ-երկու բառ ասաց, ինչից հետո դատավորը նրան ընդհատեց, իսկ տուժող Հայկ Հակոբյանը վրդովված ասաց. «Ավելի լավ ա, էդ ուռոդը չգա, տեսնենք, թե դու ի՞նչ ես ասում»։