Մոնղոլիայում Հայաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Արմեն Սարգսյանը (նստավայրը` Պեկին) մարտի 13-ին իր հավատարմագրերը հանձնեց Մոնղոլիայի նախագահ Ցախիագին Էլբեգդորժին:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե հավատարմագրերի հանձնման արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում նախագահ Ցախիագին Էլբեգդորժը հաջողություն մաղթեց Մոնղոլիայում Հայաստանի առաջին դեսպանին եւ համոզմունք հայտնեց, որ իր առաքելությամբ նա նոր լիցք կհաղորդի երկու երկրների միջեւ առկա բարեկամական հարաբերություններին: Նախագահը նշեց, որ Մոնղոլիան նույնպես ծրագրում է մոտ ապագայում դեսպան հավատարմագրել Հայաստանում:

Մտքեր փոխանակվեցին տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցության խթանման ուղիների շուրջ: Խոսելով մշակութային կապերը վերականգնելու անհրաժեշտության մասին` դեսպան Սարգսյանն ընդգծեց, որ այս ոլորտում իրենց յուրահատուկ ներդրումը կարող են ունենալ նախկինում Հայաստանի բուհերում, իրենց ուսումը ստացած Մոնղոլիայի քաղաքացիները: