Ռումինիայի ԱԳՆ ռազմավարական հարցերով պետքարտուղար Բոգդան Աուրեսկուն Բաքվում ադրբեջանցի դիվանագետների հետ հանդիպումների ժամանակ իր խոսքը կառուցել է այնպես, որ չանդրադառնա ոչ Ռուսաստանին, ոչ Հայաստանին:

Ինչպես հաղորդում է Economica.net-ը, Բաքվում Աուրեսկուն քաղաքական խորհրդատվություն է անցկացրել Ադրբեջանի փոխարտգործնախարարներ Արազ Ազիմովի եւ Խալաֆ Խալաֆովի հետ:

Կողմերը նշել են սառեցված հակամարտությունների կարգավորման անհրաժեշտության մասին եւ կարծիքներ են փոխանակել տարածաշրջանի անվտանգության վերաբերյալ:

Ուկրաինայում եւ մասնավորապես Ղրիմում տեղի ունեցող վերջին իրադարձությունների ենթատեքստում Աուրեսկուն հայտարարել է տարածաշրջանում նոր երկարատեւ հակամարտության ի հայտ գալու հեռանկարի մասին, որը կլրացնի Աբխազիայում, Հարավային Օսիայում, Մերձդնեստրում, Լեռնային Ղարաբաղում առկա հակամարտությունների շարքը: Նշենք, որ այդ ընթացքում Աուրեսկուն բացասականորեն չի արտահայտվել Հայաստանի վերաբերյալ:

Բացասական արտահայտություններ չեն հնչել նաեւ Ռուսաստանի հասցեին: Նա Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններն անվանել է «լուրջ ու մտահոգիչ» ազդանշան, իսկ Ղրիմում կայանալիք առաջիկա  հանրաքվեն՝ անօրինական ու ոչ լեգիտիմ: Սակայն բացահայտ Ռուսաստանին կամ Կրեմլին ռումինացի դիվանագետը չի մեղադրել: