Ղրիմում մարտի 15-ը հանրաքվեից առաջ «լռության օր» է հայտարարվել, հայտնում է ՈՒՆՆ-ն։ Հանրապետության տեղեկատվության նախարար Դմիտրի Պոլոնսկին ավելի վաղ հայտնել էր, որ քարոզչության պաշտոնական արգելք հանրաքվեի նախօրեին չի լինի։ «Սակայն, ղեկավարվելով միջազգային ստանդարտներով, որոշել ենք, որ «լռության օր» պետք է լինի», - ասել է նա։

Նրա խոսքով՝ սա նշանակում է, որ մարտի 15-ին Ղրիմի լրատվամիջոցներով ՌԴ-ին միանալու կողմ կամ դեմ ոչ մի քարոզչություն չի հնչի։ Միաժամանակ, հանրաքվեին մասնակցելու կոչերն արգելված չեն։

Ղրիմի հանրաքվեն նշանակված է մարտի 16-ին։  ԱՄՆ-ն, ԵՄ-ն, միջազգային կառույցները, Ուկրաինայի գործող իշխանությունը հանրաքվեն օրինական չեն ճանաչում, իսկ Ուկրաինայի Սահմանադրական դատարանը հանրաքվեի անցկացման որոշումը հակասահմանադրական է անվանել։