Խորհրդարանական ոչ իշխանական չորս ուժերից`(ՀԱԿ, ԲՀԿ, ՀՅԴ եւ «Ժառանգություն»), միայն երկուսը կշարունակեն համագործակցությունը: Նման կարծիք այսօր` մարտի 15-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՀԱԿ համակիր, նախկին պատգամավոր Գուրգեն Եղիազարյանը:

«Ողջունում եմ այս քառյակի հանդիպումները: Բնականաբար, չէի ցանկանա գնալ եվրոհրապարակի ճանապարհով, որովհետեւ դա փոքրիկ Հայաստանի համար կործանարար կլինի: Սակայն քառյակ չի մնալու, կմնա ընդամենը երկու կուսակցություն»,- ասաց նա` հրաժարվելով բացել փակագծերն ու նշել, թե որոնք են այդ երկու կուսակցությունները:

Գուրգեն Եղիազարյանը համոզված է, որ մյուս երկու կուսակցությունների հետ իշխանությունն աշխատում է:

«Իհարկե, նման զարգացում չի լինի, եթե Սերժ Սարգսյանն անհապաղ հրաժարական տա, իսկ դա հնարավոր է: Բացեք ձեր սառնարաններն ու տեսեք, որ մուկը ինքն իրան կախել է, որը նշանակում է, որ Հայաստանում վիճակը գնալով վատանում է»,- ավելացրեց ՀԱԿ նախկին անդամը:

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը նույնպես դրական է գնահատում քառյակի համագործակցությունն ու հանդիպումները:

«Հանդիպումները կհստակեցնեն ընդդիմադիր դաշտի լղոզվածությունը: Իշխանության համար նույնպես տեսանելի կլինի, թե ովքեր են ընդդիմադիր: Այս առումով դրական է այս միավորումը: Սա առաջընթաց է մեր քաղաքական զարգացումների համար»,- ընդգծեց ՀՀԿ-ական նախկին պատգամավորը:

Բանախոսներն անդրադարձան նաեւ ոչ իշխանական ուժերի` կառավարությանն անվստահություն հայտնելու համատեղ պահանջ ներկայացնելու որոշմանը: Լեռնիկ Ալեքսանյանի դիտարկմանը, թե վարչապետ Տիգրան Սարգսյանն աշխատում է «ծրագրերով», Գուրգեն Եղիազարյանը չդիմացավ:

«Վախ հորս արեւ, ավելի լավ է ծրագիր չունենա, բայց լավ աշխատի, թող էդ ծրագիրը տանի իր տուն ու Կիպրոս: Հա, օֆշորն էլ է ծրագիր»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ու խմբակցության պատգամավորները հանդիպումներ են ունեցել ՀԱԿ, ՀՅԴ եւ «Ժառանգություն» կուսակցությունների ներկայացուցիչների հետ: Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն` ապրիլի 29-ին խորհրդարանական ոչ իշխանական ուժերը պատրաստվում են վարչապետի հրաժարականի հարցը բարձրացնել Ազգային ժողովում: