Հայաստանի քաղաքական ապագան չտեղեկացված լինելու, օտարերկրացիների առաջ խոնարհվելու, իշխանությունների ծախվածության պատճառով կործանված է: Այդ մասին մարտի 15-ի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Ազգային ինքնորոշում» միավորման նախագահ, նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանը:
Նա Մաքսային Միությանը Հայաստանի անդամակցության կողմնակիցներին անվանել է «Ռուսաստանի հարճեր», «ռուսական ԿԳԲ-ի ստրուկներ»: Նրա խոսքով՝ Մաքսային միությունը պետք է դիտարկել ռուսական շովինիզմի բողոքների շրջանակներում:
«Հայաստանի այժմյան դրությունը արդյունք է իշխանությունների տեղեկացված չլինելու, նպատակաուղղված դավաճանողական քաղաքականության, որը վարում են 20 տարի շարունակ»,- նշել է նախագահի նախկին թեկնածուն: Նրա համաձայն՝ ավելի քան 20 տարի նա եւ իր գլխավորած ԱԻՄ-ը պայքարում են հայ ժողովրդի ինքնորոշման իրավունքի համար: «Հայ ժողովուրդն իր Նելսոն Մանդելան ունի»,- հայտարարել է Հայրիկյանը՝ հավելելով, որ ինքը հանդես է գալիս Հայաստանի բնակչության այն հատվածի կողմից, որը դեռ վերջնականապես «չի կուրացել»:


























