Այժմ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ջանքերով աշխարհը կանգնած է Երրորդ համաշխարհային պատերազմի շեմին, որը աշխարհը կործանման կտանի: Այդ մասին ասվում է Ուկրաինայի կառավարությանը եւ հայրենակիցներին «Աջ սեկտորի» առաջնորդ Դմիտրի Յարոշի դիմումի մեջ:
«Դիմում եմ բոլորին: Մենք մեկ ժողովուրդ ենք, անկախ նրանից, թե մեզանից յուրաքանչյուրն ինչ ագգություն ունի՝ ուկրաինացի, ռուս, հրեա, թաթար, վրացի, հայ, լեհ, բուլղարացի, հույն: Այս պահին մենք ավելին քան երբեւէ պետք է միասնական լինենք: Ռուսաստանն իր զորքերը մոտեցնում է ուկրաինական սահմաններին, ահաբեկում ուկրաինացիներին: Կրեմլն աջակցում է Ղրիմի իր համախոհներին, խամաճիկային ռեժիմ է հաստատում»,- ասվում է դիմումի մեջ:
Յարոշը նշում է, որ պետք է պատրաստ լինեն՝ «ռուսական իշխանությունը չի կարող հագեցնել կայսերապաշտական իր ձգտումները եւ նոր տարածքներ գրավելու համար պատերազմ կբորբոքի», հաղորդում է ՈւՆՆ-ը:
«Ղրիմի թերակղզին համեղ պատառ է, սակայն ծարավը չի հագեցնի: Մոսկվան ողջ Ուկրաինան է ցանկանում: 100 տարի առաջ աշխարհը վերափոխելու համար համաշխարհային պատերազմ սկսվեց: Այժմ Պուտինի ջանքերով աշխարհը կանգնած է Երրորդ համաշխարհային պատերազմի շեմին, որն աշխարհը կործանման կհանգեցնի»,- եզրափակում է նա:
Նրա կարծիքով՝ անհրաժեշտ է պատրաստ լինել ռուսական ներխուժման: Յարոշը նշել է, որ Ուկրաինայի կառավարությունը պարտավոր է անհապաղ « երկրի խորքերն ապահովի սպառազինություններով, տարածքային պաշտպանության գումարտակ ստեղծել, ձեւավորել պարտիզանա-դիվերսանտային խմբեր, որոնք շրջափակման դեպքում կգործեն թշնամու տարածքում»:
Հիշեցնենք, որ մարտի 12-ին Մոսկվայի Բասմանի դատարանը բավարարել էր Դմիտրի Յարոշին հեռակա կարգով մեղադրանք ներկայացնելու եւ նրա նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու վերաբերյալ միջնորդությունը:
Ավելի ուշ նրա, Օլեգ Տյագնիբոկի եւ Ուկրաինայի ազգային ասամբլեայի ու ժողովրդական ինքնապաշտպանության այլ անդամների դեմ քրեական գործ է հարուցվել՝ Հյուսիսային Կովկասում ահաբեկիչների առաջնորդներ Շամիլ Բասաեւի եւ Խատաբի հանցախմբին մասնակցելու համար:


























