Հայաստանը պետք է զարգանա Շվեյցարիայի օրինակով, այսինքն՝ պետք է չեզոք մնա: Այս մասին մարտի 17-ին հայտարարել է Հայաստանի նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը: Ըստ նրա՝ Հայաստանի համար ՄՄ-ին կամ Ռուսաստանի հետ կապված ցանկացած այլ ծրագրին անդամակցելը անհեթեթություն է: Ըստ քաղաքական գործչի՝ Հայաստանը չի կարող աշխարհաքաղաքական ուղղություն ունենալ եւ պետք է չեզոք մնա:
Անդրադառնալով այն հարցին, թե ինչ կարելի է սպասել խորհրդարանական ոչ կոալիցիոն չորս ուժերի միավորումից, Ղուկասյանը նշել է, որ այդ ողջ գործընթացը թափանցիկ չէ, ըստ այդմ էլ՝ դժվար է որեւէ կանխատեսում անել: «Այսօր Հայաստանը դեֆոլտի վտանգի առաջ է կանգնած, եւ մենք, իհարկե, միջազգային ֆինանսական օգնություն ստանալու խնդիր ունենք: Սակայն դրա համար մենք պետք է ստեղծենք ոչ կոռումպացված կառավարություն», - ընդգծել է նախագահի նախկին թեկնածուն:
Հիշեցնենք, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ խորհրդակցություններ է նախաձեռնել՝ միասնական քաղաքական օրակարգ սահմանելու նպատակով:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am


























