2014 թվականին մայրաքաղաքի կանաչ մակերեսը կհասնի 850 հեկտարի:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ մայրաքաղաքում մեկնարկել են կանաչապատման եւ ծաղկապատման աշխատանքները: Երեւանի համաչափ զարգացման համատեքստում գործընթացն իրականացվում է բոլոր վարչական շրջաններում: Ծառերի էտմանը զուգահեռ՝ թարմացվում են սիզամարգերը: Կանաչ գոտիների հողային շերտը բարելավելու նպատակով ընթացիկ տարում կներկրվի 16000 խմ բուսահող, իսկ ձեւավորված ծառերի եւ տնկարկների աճի ու կենսունակության ապահովման համար արդեն իսկ ներկրվել է 7 տոննա պարարտանյութ եւ 10 տոննա կիր:

2014թ. ծրագրով Երեւանի ծաղկային տարածքների ընդհանուր մակերեսը կհասնի 6.2 հա-ի,  մայրաքաղաքը կզարդարեն 2 մլն 300 հազար ծաղիկներ, այդ թվում՝ 40 հազար վարդ եւ 650 հազար կակաչ: Ծառատունկերի ընթացքում մայրաքաղաքում կտնկվի նաեւ շուրջ 5000 գնդաձեւ ակացիա եւ 1500 թույա: Կանաչ տարածքները պահպանելու նպատակով այս տարի մայրաքաղաքի ոռոգման ցանցը կընդլայնվի եւս 23 կմ-ով: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուների առջեւ խնդիր է դրել հետեւողական աշխատանք տանելու կանաչ տարածքների ընդլայնման ու պահպանման ուղղությամբ: Մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում, միասնական մոտեցում ցուցաբերելու նպատակով, հանձնարարված է կանաչապատման նախագծերը համաձայնեցնել նաեւ Երեւան քաղաքի գլխավոր դիզայների հետ: Համակարգված եւ մասնագիտորեն հիմնավորված կանաչապատում իրականացնելու մասով հաշվի կառնվեն նաեւ Երեւանի բնակլիմայական պայմանները, տեղանքը եւ անհրաժեշտ այլ գործոններ: 2014 թվականի՝ Երեւանը կանաչ տարածքներով համալրելու ծրագիրն իրագործելու շնորհիվ ընդհանուր առմամբ մայրաքաղաքի կանաչ մակերեսը կհասնի 850.0 հա-ի: