Հայաստանի քաղաքագետների միությունը պատրաստվում է դիմել Եվրադատարան, քանի որ իրենց նկատմամբ քաղաքական հալածանք կա:
Միության մամուլի ծառայությունից հայտնում են. «Քրեական հետապնդման անվան տակ երկու տարուց ավել շարունակվող խայտառակ քաղաքական հալածանքը, որը սկսվեց ՔՀՄ նախագահի 2012 թվականի ԱԺ ընտրություններին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրացուցակով մասնակցությունից եւ միասնական ընտրական շտաբի աշխատանքների համակարգումից, Հմայակ Հովհաննիսյանի պատգամավորական մանդատից հրաժարվելու պատճառ դարձավ, նշանավորվեց ՀՔՄ կենտրոնական գրասենյակի մուտքի ավերումով, թեւակոխում է Եվրադատարան հասնելու կարեւորագույն հանգրվան:
Այս գործը գալիս է եւս մեկ անգամ բացահայտելու քաղաքական հաշվեհարդարների նպատակով դատաիրավական համակարգի օգտագործման տեխնոլոգիաների ամբողջական զինանոցը, ցույց տալու Հայաստանում հրապարակային քաղաքական գործունեության նկատմամբ ամեն գնով կոշտ վերհսկողություն իրականացնելու իշխանությունների ձգտումը, այդ ձգտման չբավարարաման դեպքում դատական հետապնդումների անխուսափելիությունը»:




























