Հայ-հորդանանյան երկկողմ համագործակցության զարգացմանն առնչվող հարցերի քննարկման նպատակով ՀՀԹ-ում Հայաստանի դեսպան Արշակ Փոլադյանն այցելել է Ամման:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ այցի ընթացքում ՀՀ դեսպանը հանդիպումներ ունեցավ Հորդանանի Հաշիմյան Թագավորության խորհրդարանի նախագահ Ատեֆ ատ-Տարաունեի, վարչապետ Աբդալլահ Նսուրի, թագավորական դիվանապետ Ֆաեյզ ատ-Տարաունեի, արտաքին գործերի նախարար Նասեր Ջուդեի, բարձրագույն կրթության եւ գիտական հետազոտությունների նախարար Ամին Աբդալլահ Մահմուդի, մշակույթի նախարար Լանա Մամքեղի, ինչպես նաեւ ԱԳՆ ԱՄՆ եւ Եվրոպայի երկրների ու իրավապայմանագրային վարչությունների պետերի հետ:
Հանդիպումների ընթացքում հորդանանյան կողմի հետ քննարկվեցին քաղաքական, առեւտրա-տնտեսական, մշակութային, կրթական եւ այլ ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները, ինչպես նաեւ միջազգային ու տարածաշրջանային խնդիրների լայն շրջանակ այդ թվում` սիրիական ճգնաժամի հետ կապված հարցեր: Տնտեսական փոխգործակցության ակտիվացման նպատակով ընդգծվեց ուղիղ օդային հաղորդակցություն հաստատելու, գործարար համաժողովներ կազմակերպելու, միմյանց տարածքներում ցուցահանդեսներին մասնակցելու կարեւորությունը:
Ձեռք բերվեցին պայմանավորվածություններ քաղաքական երկխոսության ակտիվացման, բարձրաստիճան փոխայցելությունների իրականացման, միջկառավարական համատեղ հանձնաժողովի ձեւավորման, արտաքին գործերի գերատեսչությունների միջեւ քաղաքական խորհրդակցությունների հերթական փուլի անցկացման, մշակութային կապերի ակտիվացման ուղղությամբ:
ՀՀ դեսպանն այցելեց նաեւ Հորդանանի Հայոց առաջնորդարան` Հայրենիք-Սփյուռք կապերին առնչվող մի շարք խնդիրներ, ինչպես նաեւ Հայոց Ցեղասպանության 100-ամյակի հանձնաժողովի գործունեությունը քննարկելու նպատակով:




























