«168 ժամ» թերթը գրում է. «Ներկայիս քաղաքական գործընթացներին ամենաբնորոշ առանձնահատկություններից մեկը ձեւի եւ բովանդակության անհամապատասխանությունն է: Ոչ իշխանական ուժերի նախաձեռնած գործընթացի կենտրոնում է հայտնվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ու նրա նախագահ Գագիկ Ծառուկյանը: Ֆորմալ առումով՝ ինչպես նա, այնպես էլ՝ նրա ղեկավարած կուսակցությունը կարող են համարվել ցանկացած լուրջ քաղաքական գործընթաց նախաձեռնող ու առաջ տանող միավորը, քանի որ տիրապետում են Հայաստանում քաղաքականությամբ զբաղվելու համար անհրաժեշտ բոլոր ռեսուրսներին՝ փող, փող ունեցող անդամներ, փողի միջոցով՝ հրապարակային ու ընտրական զանգվածներ, քարոզչամիջոցներ, եւ այլն:
Ավելին, Գագիկ Ծառուկյանն ունի նաեւ անձնական բավական բարձր վարկանիշ: Լա՞վ է դա, թե՞ վատ, այլ հարց է, սակայն իրողություն է, որը չի կարելի հաշվի չառնել: Այսինքն՝ եթե մի կողմ թողնենք գաղափարական, արժեքային, բարոյական ասպեկտները, ընթացիկ գործընթացներում ԲՀԿ-ի մոդերատորությունը նոմինալ առումով արդարացված կարելի է համարել:
Բայց ողջ խնդիրն այն է, որ ձեւի մեջ հայաստանյան չափանիշներով լինելով կայացած միավոր, ԲՀԿ-ն ու նրա նախագահ Գագիկ Ծառուկյանը ձեւին հակադարձ համեմատական չափով զիջում են բովանդակության հարթությունում: Ոչ ԲՀԿ-ն է քաղաքական կուսակցություն՝ բառի բովանդակային ու խորքային իմաստով, ոչ էլ՝ առավել եւս, Գագիկ Ծառուկյանը՝ քաղաքական գործիչ այդ երեւույթի՝ ինչպես արտաքին, այնպես էլ՝ ֆունկցիոնալ տեսանկյունից: ԲՀԿ-ում, իհարկե, կա բավական քաղաքականացված հատված, որը, սակայն, եւ՛ տեսակարար կշռով, եւ՛ ազդեցությամբ անհամեմատ փոքր է ապաքաղաքական, սակայն ԲՀԿ-ի համար դոմինանտ ռեսուրսին՝ փողին տիրապետող հատվածից:
Իսկ Հայաստանում, ինչպես հայտնի է, փողին տիրապետում է միայն իշխանությունը՝ ինչպես բացարձակ, այնպես էլ՝ հարաբերական՝ փողին տիրապետողների վրա ազդեցության լծակներին տիրապետելու իմաստով: Ակնհայտ է, որ Գագիկ Ծառուկյանը դասվում է ԲՀԿ-ի երկրորդ հատվածի ներկայացուցիչների շարքին: Նման պայմաններում այս՝ իրականում տնտեսական գործիչը ներքաշվել է մի գործընթացի մեջ, որը մի կողմից՝ նրա համար օտար է՝ որպես գործունեության տեսակ, մյուս կողմից՝ չափազանց վտանգավոր է իր հիմնական գործունեության՝ բիզնեսի համար»:
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում




























