Երկու երեխաների վրաերթի ենթարկած վարորդը հայտնաբերվել է: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները:

Մեր տեղեկություններով՝ նրան մարտի 18-ի գիշերը, հայտնաբերել են ոստիկանները: Մահացու ելքով վրաերթի հեղինակը 51-ամյա Անդրիաս Աբրահամի Մելքոնյանն է, ով վարել է «Գազ 24-10» մակնիշի մեքենա: Թե ինչու է նա երեխաներին թողել անօգնական եւ փախչել, վարորդն ասել է, որ վախեցել է:

Մեզ հաջողվեց ճշտել նաեւ վրաերթի հետեւանքով տուժած մյուս երեխայի ինքնությունը: 13-ամյա Լավրենտի Հայկի Պետրոսյանը գտնվում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում:

«Սուրբ Աստվածամայր» բ/կ-ի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ Լավրենտի Պետրոսյանի մոտ առկա է ծանր տրավմա՝ ազդրի, կոնքերի, ոսկորների կոտրվածք, գլխուղեղի ցնցում: «Այժմ կմախքային ձգում է դրվել, վիճակի կայունանալուց հետո վիրահատություն պետք է արվի, կենսական օրգանների ֆունկցիաների խանգարում չկա, երեխան գիտակցություն ունի եւ շնչում է ինքնուրույն»,- նշեց տնօրենը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, վկայակոչելով Shamshyan.com-ին, որ մարտի 17-ին, ժամը 20:30- 21:00-ի սահմաններում, Երեւան-Աշտարակ ավտոճանապարհի Քասախ գյուղի սկզբնամասում անհայտ մակնիշի եւ համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի եւ թողնելով անօգնական՝ դիմել փախուստի: Օպերատիվ քննչական խումբը պարզել էր,որ վրաերթի ենթարկվածներից տեղում մահացածը Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի բնակիչ է՝ 14 տարեկան, իսկ մյուս երեխան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել շտապօգնության բրիգադները, սակայն, ցավոք, հարվածն այնքան ուժգին է եղել, որ երեխայի կյանքը փրկել չի հաջողվել: Մահացած ու վիրավոր տղան Քասախ գյուղ էին եկել կարատեի պարապմունքի եւ վերադառնում էին տուն: