Երեւանի Դավթաշեն վարչական շրջանում մարտի 18-ին կայացել է Արդարադատության ակադեմիայի բացումը, որին ներկա է գտնվել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը (ֆոտոռեպորտաժ):
Ակադեմիայի հիմնադիրն է Հայաստանի Հանրապետությունը: Համաձայն «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքի՝ ակադեմիայի կառավարումն իրականացնում է Ակադեմիայի կառավարման խորհուրդը, որի կազմում ներառված են արդարադատության նախարարը, երեք դատավոր եւ երեք դատախազ: Ակադեմիայի աշխատանքը ղեկավարում է ռեկտորը, որն ընտրվում է 5 տարի ժամկետով: 2013—ի նոյեմբերի 15-ին առաջին ռեկտոր էր ընտրվել իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Ռուբեն Մելիքյանը:
Ակադեմիայի շինարարության համար ծախսվել է 850 մլն դրամ:
Ակադեմիայի բացման արարողությանը ՀՀ արդարադատության ժամանակ նախարար Հրայր Թովմասյանն ընդգծել է, որ հաստատության գլխավոր նպատակն է ճիշտ գնահատել դատավորների եւ դատախազների թեկնածուներին՝ այդ պաշտոններում բացառելով հարկ եղած գիտելիքներին չտիրապետող անձանց եւ նրանց, ովքեր ակադեմիայում համապատասխան քննությունները չեն հանձնել:
Ըստ առաջին ռեկտոր Ռուբեն Մելիքյանի՝ Արդարադատության ակադեմիայի գործունեության առաջնահերթ նպատակը դատավորների եւ դատախազների համար մեկ միասնական կրթական քաղաքականություն իրականացնելն է: Նա նաեւ նշել է, որ Ակադեմիան հաստիքով դասախոսներ առայժմ չունի: «Մենք ուսումնական գործընթացում ներդրել ենք այսպես կոչված հրավիրված դասախոսների ձեւաչափը: Ակադեմիայում ուսումնական գործընթացը սկսվում է ցուցակում ներառված դատավորների եւ դատախազների թեկնածուների մասնագիտական պատրաստվածությունից:
Դատավորների 20 եւ դատախազների 15 թեկնածուների ուսումնական դասընթացը կտեւի 8,5 ամիս, որը ներառում է ուսուցում լսարաններում եւ փորձաշրջան: Ուսուցման ծրագրով նախատեսվում է 30 առարկայի դասավանդում:
Հիշեցնենք, որ նախքան Արդարադատության ակադեմիայի ստեղծումը, դատավորներ եւ դատախազներ պատրաստում էին համապատասխան դպրոցները:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/ NEWS.am



























