Ղրիմի ազգայնացման վնասը Ուկրաինան կարող է փոխարինել Ուկրաինայում եւ արտասահմանում ՌԴ-ի ունեցվածքով: Այս մասին մամուլի ասուլիսում  հայտարարել է Ուկրաինայի արդարադատության նախարար Պավել Պետրենկոն: 

«Ինչ վերաբերում է այսպես կոչված Ղրիմի ղեկավարության արտահայտություններին, Ղրիմում  պետական ունեցվածքի եւ Սեւ ծովի մայրցամաքային   հատվածում բնական ռեսուրսների ազգայնացմանը, մենք պաշտոնապես հայտնում ենք, որ եթե ՌԴ-ն ճանաչի Ղրիմի իշխանության այդ գործողությունները,  ապա Ուկրաինան իրեն իրավունք է վերապահում նույնարժեք քայլեր ձեռնարկել՝ ՌԴ-ին պատկանող ունեցվածքի հանդեպ, որը գտնվում է ինչպես Ուկրաինայի տարածքում, այնպես էլ  այլ երկրներում: Մենք դա անելու ենք միջազգային եւ ազգային օրենսդրությանը համապատասխան», - ասել է Պետրենկոն:

Նշելով, թե ինչ ունեցվածքի մասին է խոսքը, Պետրենկոն ասել է, որ ռուսական «Գազպրոմը» բավական շատ կառույցներ ունի Եվրոպայի տարածքում, հայտնում է ԼԻԳԱ-ն:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ղրիմի իշխանությունները հայտնել էին, որ Ղրիմում Ուկրաինայի սեփականությունը ազգայնացվելու է՝ հօգուտ Ղրիմի Հանրապետության: Մասնավորապես, խոսքը «Չերնամորնեֆտեգազ»-ի եւ Ուկրաինայի բանկերի մասնաճյուղերի մասին է: 

Ղրիմում ուզում են յուրացնել Ուկրաինայի ռազմածովային ուժերի նավատորմը