Երբ արդարադատության նախարարը ձեռնպահ է մնում Հայաստանի ընդհանուր իրավասության դատարաններում քննվող որեւէ գործի առնչությամբ կարծիք հայտնելուց, կարո՞ղ է  արդարադատության նախարարությունը կարծիք հայտնել այդ գործի վերաբերյալ, որով դեռ դատաքննություն պիտի կայանա: Այս մասին, այսօր՝ մարտի 18-ին, Արդարադատության ակադեմիայի շենքի բացման արարողության ժամանակ, նշել է Արդադարատության նախարար Հրայր Թովմասյանը՝ անդրադառնալով մարտի 28-ին՝ կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի մասին օրենքի սահմանադրականության վերաբերյալ ՍԴ վճռի հրապարակմանը:

«Այս պահին ես նախարար եմ, եւ գոյություն ունի բարդույթ կապված մի շարք հարցերի պատասխանների հետ: Երբ ես այլեւս չեմ կրի նախարարի պիջակ, ես պատրաստ կլինեմ պատասխանել նմանատիպ հարցերին, բայց այս փուլում՝ ոչ»,-ասել է Թովմասյանն ու հավելել, որ ՍԴ դահլիճում նիստին ներկա կլինի արդարադատության նախարարության ներկայացուցիչը եւ գերատեսչության դիրքորոշումը այդ ժամանակ պարզ կլինի:

Հիշեցնենք, որ հունվարի 1-ից Հայաստանում ուժի մեջ է մտել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը, որի համաձայն 1974 թվականի հունվարի մեկից հետո ծնված աշխատողների աշխատավարձից կպահվի 5 տոկոսի չափով կենսաթոշակային կուտակային վճար, որոնք կտնօրինեն մասնավոր հիմնադրամները: Նույնքան չափով գումար կտրամադրի նաեւ պետությունը: Օրենքի դեմ հանդես են եկել IT ոլորտի, բանկերի եւ այլ ոլորտների աշխատակիցները: Հունվարի 24-ին ՍԴ-ն որոշեց ժամանակավորապես դադարեցնել օրենքի որոշ դրույթներ: Մի շարք գործատուներ աշխատակիցների աշխատավարձերից պահումներ չեն կատարում, սպասում են մարտի 28-ին դատարանի վերջնական որոշմանը: