Ուկրաինայի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հանձնել Ուկրաինայում Ռուսասատանի լիազոր ներկայացուցիչ Անդրեյ Վորոբյովին ընդդեմ ՌԴ կողմից Ղրիմի ճանաչման եւ նրա հետ պայմանագրի կնքմանը Սեւաստոպոլ քաղաքի հետ միասին ՌԴ կազմի մեջ ընդգրկվելու վերաբերյալ: Այդ մասին հաղորդում է ուկրաինական ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Ուկրաինայի արտգործնախարարությունը հայտարարել է, որ ռուսական կողմի նմանատիպ գործողությունները չեն համապատասխանում այլ պետությունների տարածքային ամբողջականության, անձեռնմխելիության եւ սահմանների անխախտելիության, ներքին գործերին չմիջամտելու երաշխիքների վերաբերյալ միջազգային իրավունքի հիմանարար սկզբունքներին ու նորմերին:
Այդ կերպ ուկրաինական կողմը Կրեմլի գործողությունները գնահատում է որպես անեքսիա, այսինքն՝ Ուկրաինայի տարածքի մի մասի բռնագրավում:«ՄԱԿ կանոնադրության համաձայն՝ ՌԴ-ն Ուկրաինայի հետ հարաբերությունների պետք է խուսափի ուժի սպառնալիքից կամ դրա կիրառումից ընդդեմ տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության, կամ որեւէ այլ կերպ, որը անհամատեղելի է ՄԱԿ նպատակների հետ»,- ընդգծում է ԱԳՆ-ն:
Բացի այդ, Ուկրաինայի եւ ՌԴ միջեւ 1997թ.-ին կնքված Բարեկամության, համագործակցության ու գործընկերության մասին պայմանագրի 2-րդ հոդվածի համաձայն, Մոսկվան պարտավորվել է հարգել տարածքային ամբողջականությունն ու հաստատել է երկների միջեւ գոյություն ունեցող սահմանների անխախտելիությունը:«Ուկրաինական կողմը կտրականապես ժխտում է Ռուսաստանի Դաշնության ինքնիշխանության տարածումն իր կողմից Ուկրաինայի բռնազավթված տարածքների վրա եւ իրավունք է վերապահում միջազգային իրավունքին եւ Ուկրաինայի օրենսդրությանը համապատասխան միջոցներ ձեռնարկել»,- ասվում է ԱԳՆ բողոքի նոտայում:




























