Տոկիոն քննարկում է Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառելու հարցը՝ կապված Ղրիմն ու Սեւաստոպոլը ՌԴ-ին միացնելու պայմանագրի ստորագրման հետ: Այս մասին հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն:
«Դա խախտում է Ուկրաինայի միասնությունը, ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, եւ մենք դատապարտում ենք դա»,-ասել է վարչապետը խորհրդարանի վերին պալատի բյուջետային հանձնաժողովում քննարկումների ժամանակ:
«Ներկայումս մենք քննարկում ենք Ռուսաստանի նկատմամբ նոր միջոցառումներ կիրառելու մասին հարցը՝ համագործակցելով G7-ի եւ այլ երկրների հետ»,-հայտարարել է Ճապոնիայի վարչապետը:
Նա նաեւ ընդգծել է, որ հնարավոր է մասնակցի G7-ի ոչ պաշտոնական գագաթաժողովին՝ քննարկելու համար Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը: Նման գագաթաժողով անցկացնելու առաջարկությամբ հանդես է եկել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, որը տեղի կունենա մարտի 24-25-ին Հաագայում կայանալիք միջուկային անվտանգության հարցերով կոնֆերանսի շրջանակներում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Հիշեցնենք, որ Տոկիոն մարտի 18-ին դադարեցրել է Ռուսաստանի հետ վիզային ռեժիմի մեղմացման շուրջ բանակցությունները եւ սառեցրել երեք պայմանագրերի հնարավոր ստորագրման վերաբերյալ բանակցությունները: Դրանք վերաբերում են ներդրումային, տիեզերքից յուրացման եւ վտանգավոր ռազմական գործունեության կանխման շուրջ համագործակցությանը:
Ճապոնիան դադարեցնում է Ռուսաստանի հետ վիզային ռեժիմի մեղմացման մասին խորհրդակցությունները




























