Օտարերկրյա զորքերի առկայությամբ արդար հանրաքվե անցկացնելն ուղղակի կասկածելի է, իսկ Ղրիմի հանրաքվեն «նկարված է»: Նման կարծիք այսօր` մարտի 19-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, ՀՀՇ անդամ, ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանը:
«Ղրիմի հանրաքվեն ամբողջությամբ նկարված է, քանի որ անհնար է, որ բնակչության 96-97 տոկոսը կողմ քվեարկի Ղրիմի` Ռուսաստանի կազմի մեջ մտնելուն: Հատկապես որ Ղրիմի թաթարները բոյկոտել են ընտրությունները, մյուսներն էլ են դեմ եղել, որ Ղրիմը մտնի Ռուսաստանի կազմի մեջ»,- ասաց նա:
Ալեքսանդր Արզումանյանի խոսքով` անցկացված հանրաքվեից հետո Եվրամիությունը պատժամիջոցներ կկիրառի Ռուսաստանի նկատմամբ: Դրանցից մեկն էլ հենց առաջիկայում նախատեսված Մեծ յոթնյակի հանդիպումն է, որին սակայն Ռուսաստանը հրավիրված չէ:
Ինչ վերաբերում է այն փաստին, որ Ռուսաստանն է եվրոպական շատ երկրների գազ մատակարարում, ԱԺ պատգամավորը նշեց, որ գերտերությունները սանկցիաներ կիրառելիս ամեն ինչ հաշվի կառնեն:
Լրագրողների հարցին` հնարավո՞ր է համաշխարհային պատերազմ սկսվի, Արզումանյանն արձագանքեց. «54 տարեկան եմ ու պատերազմներ շատ եմ տեսել: Ասում էին` դեկտեմբերի 22-ին աշխարհի վերջն է լինելու, բայց չեղավ: Պատերազմի մասին խոսակցություններ միշտ էլ կան, ապրենք, տեսնենք, թե ինչ կլինի»:
Հիշեցնենք, որ մարտի 16-ին Ղրիմում անցկացվել է հանրաքվե, որի արդյունքում ընտրողների 96 տոկոսը կողմ է արտահայտվել ՌԴ-ին Ղրիմի միացմանը: Ավելի ուշ Ռուսաստանն ու Ղրիմը համապատասխան պայմանագիր են կնքել:
Ուկրաինան, ԱՄՆ-ն ու ԵՄ-ն չեն ճանաչում Ղրիմի հանրաքվեն եւ տարածքների միացումը:




























