Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկն առաջին փոխվարչապետ Վիտալի Յարեմային եւ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Իգոր Տենյուխին հանձնարարել է շտապ Ղրիմ մեկնել՝ հակամարտության սրացումը կանխելու համար:
Ուկրաինական լրատվամիջոցները հայտնում են, որ մարտի 19-ի առավոտյան Սեւաստոպոլում քաղաքացիական անձինք տապալել են դարպասները եւ ներխուժել Ուկրաինայի ռազմածովային ուժերի հրամանատարության շտաբի տարածք:
Ռազմատեխնիկայի օգնությամբ դարպասները պոկել են, եւ ամբոխը ներխուժել է տարածք, հայտնել է Ղրիմում Ուկրաինայի ՊՆ մեդիակենտրոնի ղեկավար Վլադիսլավ Սելեզնյովը:
«Սպաները որքան կարողանում են, զսպում են մարդկանց այդ զանգվածը, - ասել է նա: -Պարզ է, որ ուկրաինացի մեր սպաները կանանց դեմ ուժ չեն գործադրի», - ընդգծել է Սելեզնյովը:
Նա հավելել է, որ կրեմլամետ զինված մարդիկ չկան: «Կան տարբեր մարդիկ՝ դիմակներով եւ առանց, սակայն զինված չեն», - ասել է նա եւ հավելել, որ գիշերը խաղաղ է անցել:
«Մեր զինվորներին ամենուր փորձում են համոզել անցնել ՌԴ ՍՆ-ի կողմը կամ հեռանալ Ուկրաինայի մայրցամաքային մաս», - հավելել է նա:
Հիշեցնենք, որ Ղրիմում՝ Սիմֆերապոլի ռազմական օբյեկտի գրոհի ժամանակ, ուկրաինացի զինվոր էր զոհվել, վիրավորվել՝ կապիտան: Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել էր Ուկրաինայի պաշտպանություն նախարարության Ղրիմի մեդիակենտրոնի ղեկավար Վլադիսլավ Սելեզնյովը:
Ուկրաինայի ՊՆ-ն հաղորդում է Ղրիմում ուկրաինացի զինվորականի մահվան մասին




























