Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը մարտի 19-ին հանդիպեց Հայաստանում Իրաքի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ղազի Թահիր Խալեդին:
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, թե հանդիպման ընթացքում նախարարը կարեւորեց երկու երկրների միջեւ համագործակցությունը տրանսպորտի եւ հեռահաղորդակցության ոլորտներում, նշեց, որ բոլոր հիմքերը կան, որպեսզի համատեղ աշխատանքի արդյունքում դրանք հետագայում ավելի ամրապնդվեն եւ զարգանան։
Կողմերը քննարկեցին Հայաստանի եւ Իրաքի միջեւ տրանսպորտային կապուղիներ ունենալու հնարավորություններն ու տարբերակները, ինչը կնպաստի երկու երկրների միջեւ տրանսպորտի եւ կապի ոլորտում համագործակցության զարգացմանը:
Կարեւորելով ավտոմոբիլային տրանսպորտի ոլորտում Իրաքի հետ ցամաքային ուղիղ հաղորդակցություն ստեղծելու հնարավորությունները՝ դրանք առավել մանրամասն քննարկելու նպատակով Գագիկ Բեգլարյանը Իրաքի Հանրապետության տրանսպորտի նախարարին հրավիրեց Հայաստան։
Շնորհակալություն հայտնելով հրավերի համար՝ դեսպան Ղազի Թահիր Խալեդն իր հերթին նշեց, որ չկա որեւէ խոչընդոտ՝ երկու երկրների միջեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտների շուրջ համագործակցությունը զարգացնելու համար:




























