Հայաստանում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Կուխտան բացատրել է, թե ինչու է Ուկրաինան մտադիր լքել ԱՊՀ-ն:
Մարտի 20-ի մամուլի ասուլիսում դիվանագետը նկատել է, որ «օգուտ չբերող կազմակերպությունը հարկավոր չէ»: Դեսպանը կրկին ընդգծել է, որ Ուկրաինայի համար դժվար պահին ԱՊՀ արտգործնախարարները այդպես էլ ժամանակ չգտան իրավիճակը քննարկելու: «Դրա համար երեկ պաշտոնապես հայտարարվեց ԱՊՀ-ից դուրս գալու մասին: Թեյ եւ սուրճ խմելու համար հավաքվելը ոչ ոքի պետք չէ», - նկատել է դեսպանը:
Հիշեցնենք, ընթացիկ տարում Ուկրաինան նախագահող երկիրն է ԱՊՀ-ում: Կիեւը երկու անգամ առաջարկել է արտգործնախարարների հանդիպում հրավիրել, սակայն երկու անգամն էլ նախաձեռնությունը կյանքի չի կոչվել:
Ինչ վերաբերում է ԱՊՀ-ն լքելուց հետո Ուկրաինայի եւ Հայաստանի հարաբերություններին, դեսպանը նշել է, որ երկրների միջեւ պայմանագրա-իրավական լայն հենք կա, որը թույլ է տալիս կարգավորել երկկողմ հարաբերությունները:




























