Ավետիք Բուդաղյանի խմածության հարցը բարձրացնելիս Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը պետք է նախ եւ առաջ խոսեր իր որդու արյան մեջ հայտնաբերված թմրանյութի մասին: Այս մասին այսօր` մարտի 20-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը` անդրադառնալով Սուրիկ Խաչատրյանի տված հարցազրույցին:

«Սուրիկ Խաչատրյանը օրեր առաջ հարցազրույց էր տվել, որտեղ փաստերի շատ լուրջ խեղաթյուրումներ կային: Մասնավորապես Սուրիկ Խաչատրյանը յուրովի է ներկայացրել ավտոմեքենայում տեղի ունեցած գործողությունները: Ես ասեմ, որ տրամագծորեն հակասում է իրականությանը: Իրականում Ավետիք Բուդաղյանի նկատմամբ բռնություն է եղել, նրան վիրավորել են եւ հարվածներ հասցրել: Նախնական ցուցմունքում Սուրիկ Խաչատրյանը գրել էր, որ մեքենայում իր թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանը հարվածել է Ավետիքին, նույնիսկ Զարզանդն է խոստովանել դա: Դժվար է հասկանալ, թե ինչպես Զարզանդը առջեւում նստած հարվածել է հետեւում նստած Սուրիկ Խաչատրյանին»,- ասաց փաստաբանը:

Հայկ Ալումյանը իրականությանը չհամապատասխանող է համարում նաեւ Ավետիք Բուդաղյանի խմածության մասին տեղեկատվությունը:

«Ինչպես գիտենք, իրադարձություններին նախորդել է խնջույք, որի ժամանակ հնարավոր է հավաքված տղամարդիկ ալկոհոլ օգտագործած լինեն: Լավ կլիներ Ավետիք Բուդաղյանի խմածության մասին խոսելիս Սուրիկ Խաչատրյանին պետք է հարցնել որդու արյան մեջ հայտնաբերված թմրանյութի մասին»,- նշեց նա:

Բուդաղյանների փաստաբանին կասկածելի է թվում նաեւ այն, որ Սյունիքի նախկին մարզպետը չի լսել կրակոցների ձայնը:

«Սուրիկ Խաչատրյանի խոսքով` գետի ձայնն ու պատուհանի հերմետիկությունը թույլ չեն տվել իրեն լսել կրակոցների ձայնը: Ասեմ գետի ձայնի մասին: Եթե գետի ձայնը լսելի է եղել Սուրիկ Խաչատրյանին, ապա կրակոցի ձայնը հաստատ պետք է լսված լիներ: Տեսանյությում էլ է լսվում կրակոցների ձայնը, իսկ գետի ձայնը գրեթե չի լսվում: Այնպես որ Սուրիկ Խաչատրյանը լսել է նրան»,- եզրափակեց Հայկ Ալումյանը` անդրադառնալով Սյունիքի նախկին մարզպետի բերած բոլոր փաստարկներին:

Այնուամենայնիվ, Բուդաղյանների փաստաբանը չի նշում, թե ում հետ է Սուրիկ Խաչատրյանը քննարկել անցած տարվա հունիսի 1-ի գիշերը տեղի ունեցած դեպքերը եւ ով է իրեն օգնել այս հարցում:

«Հարցազրույցում Սյունիքի նախկին մարզպետը անուղղակի նշել է, թե ում է դիմել օգնության հարցով»,- ասաց նա:

Լրագրողների դիտարկմանը, թե Սուրիկ Խաչատրյանի խոսքով` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն է քննարկել դեպքը քննիչների հետ, փաստաբանը հրաժարվեց մեկնաբանել:

Հիշեցնենք, որ հունիսի 2-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ հնչել էին կրակոցներ, որի հետեւանքով 1 մարդ մահացել էր, եւս 2 մարդ հրազենային վնասվածքներով տեղափոխվել էին Գորիսի բժշկական կենտրոն: Մահացածը Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանն էր, իսկ վիրավորներից մեկը նրա եղբայրը՝ Արտակ Բուդաղյանը, որը ԼՂՀ N զորամասի հրամանատար է, մյուս վիրավորը՝ Նիկոլայ Աբրահամյանն է, որը Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ազգականն է եւ թիկնապահը: Կրակոցները հնչել են «Բերետա» տեսակի ատրճանակից եւ որսորդական հրացանից: Տեւական դադարից հետո միայն Սուրիկ Խաչատրյանը լրագրողների հետ խոսել էր միջադեպի վերաբերյալ: Սյունիքի նախկին մարզպետը պատմել էր, թե ինչ էր տեղի ունեցել այդ օրը: