Դա ահավոր ողբերգություն էր թե՛ այդ մարդկանց համար, թե՛ մեր ընտանիքի համար. այդ ամենը խմիչքի հետեւանք էր, որը բերեց այս ողբերգությանը: Այս մասին, այսօր՝ մարտի 6-ին, լրագրողների հետ զրույցում նշել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը՝ անդրադառնալով իր տան մոտ Բուդաղյան եղբայրների հետ տեղի ունեցած արյունալի դեպքին, որի հետեւանքով զոհվել էր գնդապետ Ավետիք Բուդաղյանը, հաղորդում է ՙ«Ազատություն»՚ ռադիոկայանը։
Հարցին, թե մեքենայի մեջ Բուդաղյան Ավետիքի հետ ինչ զրույց է ունեցել, ինչից է վեճն սկսվել, Սուրիկ Խաչատրյանը պատասխանել է.
«Մեքենայի մեջ տեղի է ունեցել այն, ինչ տեղի է ունեցել: Իր հարբածության աստիճանը այնքան շատ էր, որ իրեն ճիշտ չկարողացավ դրսեւորել, ես էլ իրեն իջեցրեցի եւ թողեցի, գնաց: Վեճ չի եղել, մեքենայի մեջ ձեր ասած քաշքշոցը չէր էլ կարող լինել: Իր պահվածքից ելնելով՝ վարորդին ասացի՝ կանգնեցրու, թող իջնի: Դրա մասին եմ խոսում մարդու մեջ ինչքան կուտակված թշնամություն պետք է լինի, որ այդքանից հետո հասավ տուն, զենքերը վերցրեց, եկավ մեր տան վրա: Եթե ինքը խփեր-սպաներ մեզ, եթե հակառակը լիներ, երկու դեպքում էլ ողբերգություն է: Եվ նորից եմ կրկնում, ցավը այն է, որ ծնողը տեսնում է, որ նա գնում է ողբերգության ու դեմը չի առնում»:
Դիտարկմանը, թե հակառակ կողմն ասում է, որ կրակոց է եղել նաեւ վերեւից, Դուք կրակե՞լ եք, թե՞ ոչ, Սյունիքի նախկին մարզպետն արձագանքել է. «Դա փաստաբանի երեւակայությունն է: Ես ոչ միայն չեմ կրակել, այլեւ դեպքի մասին չեմ իմացել: Ամբողջ մարզի, հանրապետության ոստիկանությունը եւս համոզվել են, որ ես այդ դեպքին մասնակցություն չեմ ունեցել:
Փորձագետների եզրակացությամբ Ավետիքին կպած չորս փամփուշտը նույն զենքից է: Խնդրում եմ՝ ճիշտ հասկանաք. ո՞նց կարող էր այդ նույն զենքը եւ ներքեւից, եւ վերեւից կրակեր: Տրամաբանեք: Բացի այդ, ամենը տեղի է ունեցել երկու րոպեում: Ես դեպքերի ժամանակ քնած եմ եղել: Ճիշտ է, զարմանալի է, թե ոնց չեմ լսել, բայց նախ մեր պատուհաններն են հերմետիկ, երկրորդ՝ այդ աղմուկը ձայները կլանում է: Ես մեղքի զգացում չունեմ, բայց ցավ եմ ապրում, որ երիտասարդ տղա է մահացել եւ այդ արյունը մեր տանն է թափվել: Այդ ցավն եմ ապրում, բայց մեղքի զգացում չկա: Որեւէ մեկին թույլատրված չի առանց պատճառի, խորը թշնամությամբ գնաս մարդու տան վրա հարձակվես: Իրանց փաստաբանն էլ է այսօր համոզված, որ Արտակը եկել է զինված, թշնամաբար եւ սպառնալիքով»:
Հարցին, թե ի՞նչ է վճարել իր որդու ազատության դիմաց, ՀՀԿ խորհրդի անդամ լինելու հանգամանքը չի՞ օգտագործել այս գործում, Խաչատրյանը պատասխանել է. «Ես ուզում եմ, որ ինձ ճիշտ հասկանաք, եթե դա իմ որդին չլիներ, եթե այդ դեպքը նույն ձեւով մեկ ուրիշի հետ տեղի ունենար, մեկ ժամ էլ չէր նստելու, քանի որ իմ որդին էր, միանգամից բուռն աղմուկ բարձրացավ եւ քննությունը տարան այնպես, որ որդուս ձերբակալեն եւ ընթացքում պարզեն այդ ամենը: Ես ոչ ոքի չեմ զանգել: Առաջին իսկ օրից լուրջ իրավաբանների հետ եմ խոսել եւ քրեական օրենսգրքով ինձ ասացին, որ կատարվածը համարժեք պատասխան է եւ սահմանազանցում չկա»:
Մանրամասները՝ սկզբաղբյուր կայքում




























