Մոնակոյի արքայազն Ալբեր Երկրորդի փաստաբան և նախկին խորհրդական Թիերի Լակոստը կանգնել է քննչական դատարանի առաջ։ Գործը վերաբերում է խոշոր շինարարական նախագծի տապալմանն առնչվող կոռուպցիոն սկանդալին։ Այս մասին հայտնում է DPA գործակալությունը։
Դատավորը նրա նկատմամբ քրեական վարույթ է հարուցել՝ հանցավոր խումբ ստեղծելու, պետական պաշտոնյային կաշառելու, պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման կասկածանքով: Այժմ Լակոստն ազատ է արձակվել դատական վերահսկողության պայմանով:
Լակոստը, որն անցյալում եղել է Ալբերի դպրոցական ընկերն ու իրավական հարցերով խորհրդականը, ձերբակալվել էր չորեքշաբթի՝ սեպտեմբերի 2-ին։ Հարցաքննություններից հետո նրա կալանքի ժամկետը երկու անգամ երկարաձգվել էր։ Ինքը՝ փաստաբանը, հերքում է մեղադրանքները և համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ:
Լակոստի խոսքով՝ իր դեմ մեղադրանքներ է ներկայացրել անշարժ գույքի ոլորտի մի խոշոր գործարար, որը դժգոհ է Մոնակոյում մի քանի նախագծեր չստանալու փաստից։ Պաշտպանական կողմը պնդում է, որ գործարարը փորձում է իշխանապետության դատական համակարգն օգտագործել սեփական շահերի համար։
Գործը վերաբերում է «Esplanade des Pêcheurs» նախագծին. սա մեծածավալ կառուցապատման ծրագիր էր, որը պետք է ներառեր բնակելի և առևտրային տարածքներ, թանգարան և «Ֆորմուլա-1»-ի մրցարշավների համար նախատեսված ենթակառուցվածքներ: Նախագիծը կասեցվել է, ինչից հետո Մոնակոյի իշխանությունների և մասնավոր կառուցապատողի միջև բազմամյա դատական վեճ է սկսվել: Այս գործի շրջանակում ավելի վաղ Մոնակոյի պետությանը պարտավորեցրել էին կառուցապատող ընկերությանը վճարել մոտ 136 միլիոն եվրո փոխհատուցում (առանց տոկոսագումարների):
Արքայազն Ալբերի նախկին մերձավորների շուրջ սկանդալը ծագել էր դեռևս 2021 թվականին՝ անանուն դոսյեի հրապարակումից հետո: Արքայազնի չորս նախկին վստահված անձինք, որոնք հայտնի դարձան «G4» անվամբ, մեղադրվում էին յուրացումների և Մոնակոյի նկատմամբ վերահսկողություն հաստատելու փորձերի մեջ:
Նրանք էլ իրենց հերթին հայտարարում էին, որ վերոնշյալ խոշոր կառուցապատողն ազդեցություն ունի Մոնակոյի իշխանությունների որոշումների վրա:
2025 թվականի հունիսին դատական վերահսկողություն էր սահմանվել նաև Մոնակոյի Գերագույն դատարանի նախկին նախագահ Դիդիե Լինոտի նկատմամբ. նրան մեղադրում էին կոռուպցիայի, փողերի լվացման և ազդեցության չարաշահման մեջ:
Սկանդալն անդրադարձել է նաև կառավարության կազմավորման գործընթացի վրա. 2025 թվականի ամռանը կառավարության նորանշանակ ղեկավարը հրաժարական տվեց լիազորությունները ստանձնելուց մեկ շաբաթ առաջ՝ հայտարարելով, որ փորձեր են արվել խոչընդոտել իր պարտականությունների կատարմանը:
Տարիներ շարունակ Մոնակոն քննադատության է ենթարկվում փողերի լվացման և ֆինանսական հանցագործությունների դեմ ոչ բավարար պայքար մղելու համար:
2025 թվականին Եվրահանձնաժողովը Մոնակոն ներառել է այս ոլորտում ռազմավարական թերություններ ունեցող երկրների ցանկում:





























