Գերմանիան կոչ է անում եվրոպացի գործընկերներին խստացնել Ռուսաստանի քաղաքացիներին տրամադրվող զբոսաշրջային վիզաների սահմանափակումները։ Պատճառը մի շարք ենթադրյալ դիվերսիաներն են, որոնց պատասխանատվությունը Բեռլինը բարդում է Մոսկվայի վրա, հայտնում է The Guardian-ը։
Գերմանիայի անվտանգության մարմինները քննում են Բելառուսի քաղաքացիություն և ռուսական անձնագիր ունեցող մի տղամարդու գործ։ Նա կասկածվում է անօդաչու թռչող սարքերի ու պայթուցիկի միջոցով Լայպցիգի օդանավակայանի վրա հարձակում ծրագրելու մեջ։
Գերմանական իշխանությունների տվյալներով՝ կասկածյալը Շենգենյան գոտի է մուտք գործել Մինսկում Իտալիայի դեսպանատան տված զբոսաշրջային վիզայով։ Անվտանգության ոլորտի աղբյուրները պնդում են, որ, առկա տվյալների համաձայն, նա երբևէ Իտալիայում չի եղել։
Գերմանիայի ԱԳՆ-ում նշում են, որ Եվրոմիություն մեկնելու համար ՌԴ քաղաքացիներին տրվող զբոսաշրջային վիզաների քանակը դեռ շատ մեծ է։ Կառավարությունում կարծում են, որ նման ծավալով վիզաներ տրամադրելը չի համապատասխանում Ուկրաինայի պատերազմով պայմանավորված պատժամիջոցների տրամաբանությանը և դժվարացնում է ԵՄ մուտք գործողների նպատակները ստուգելը։
2025 թվականին Իտալիան ավելի շատ շենգենյան վիզա է տրամադրել, քան Եվրոմիության որևէ այլ երկիր։ Ռուսաստանցիների ներկայացրած դիմումների մոտ երեք քառորդը բաժին է ընկել Իտալիային, Ֆրանսիային և Իսպանիային։
Անցյալ տարի Իտալիան նաև Բելառուսի քաղաքացիներին է ԵՄ մյուս երկրներից ավելի շատ վիզա տվել։ Դրանց թիվը կտրուկ աճել է Ուկրաինայում ռուսական ռազմական հատուկ գործողության մեկնարկից հետո՝ 2021 թվականի 2,9 հազարից 2025-ին հասնելով ավելի քան 50,7 հազարի։
Նույն ժամանակահատվածում ռուսաստանցիներին տրված իտալական վիզաների քանակը 63,9 հազարից հասել է ավելի քան 165 հազարի։
Լայպցիգի ենթադրյալ դավադրությունից հետո Գերմանիայի կառավարությունը հայտարարեց Ռուսաստանի դեմ նոր քայլերի մասին, այդ թվում՝ Բոնում ՌԴ հյուպատոսարանի փակումը, ՌԴ դեսպանին ԱԳՆ կանչելը և Բալթիկ ծովում ռուսական «ստվերային նավատորմի» նկատմամբ վերահսկողության ուժեղացումը։
Եվրոմիությունը ևս ընդունել է պատժամիջոցների 22-րդ փաթեթը՝ ընդլայնելով ԵՄ մուտքի արգելք ունեցող ՌԴ քաղաքացիների ցանկը։ Իտալիայի ԱԳ նախարար Անտոնիո Տայանին հանձնարարել է քննել Լայպցիգի գործով բելառուս կասկածյալին վիզա տալու հանգամանքները։
Միևնույն ժամանակ, ԵՄ մի շարք երկրներ արդեն իսկ խստացրել են սահմանափակումները։ Էստոնիան, Ֆինլանդիան, Լատվիան, Լիտվան, Լեհաստանը և Չեխիան գրեթե դադարեցրել են վիզաներ տրամադրել Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ուսանողներին։
Եվրոմիության մյուս երկրները շարունակում են մեծ քանակությամբ վիզաներ տալ ռուսաստանցիներին, իսկ որոշ դեպքերում այդ թիվը նույնիսկ աճում է։
Միջազգային քաղաքական հետազոտությունների իտալական ինստիտուտի փորձագետ Էլեոնորա Տաֆուրո Ամբրոզետին նշում է, որ Ռուսաստանին սահմանակից կամ ստվար ռուսալեզու համայնք ունեցող երկրները, ընդհակառակը, փակում են սահմանները կամ կտրուկ կրճատում վիզաների հատկացումը։
Բունդեսթագում ՔԴՄ (CDU) ներկայացուցիչ, արտաքին քաղաքականության փորձագետ Ռոդերիխ Կիզևետերն ԵՄ-ին կոչ է արել անհապաղ դադարեցնել ռուսաստանցիներին զբոսաշրջային վիզաներ տալու ծրագիրը։ Նա գտնում է, որ ՌԴ քաղաքացիների ազատ տեղաշարժը Եվրոպայում կարող է օգտագործվել լրտեսության ու դիվերսիաների համար, և հորդորել է վիզաների տրամադրումը հասցնել «ծայրահեղ նվազագույնի»։
Այդուհանդերձ, Եվրոպայում ապրող ռուսաստանցի որոշ հակապատերազմական ակտիվիստներ կարծում են, որ վիզաներից լիովին հրաժարվելը հազիվ թե էականորեն ազդի ռուսական հատուկ ծառայությունների գործունեության վրա։
Նրանց խոսքով՝ ռուսական հետախուզությունն ավելի ու ավելի քիչ է օգտագործում Եվրոպա ուղարկվող պրոֆեսիոնալ գործակալների և ավելի հաճախ հենվում է հեռավար հավաքագրված անձանց վրա, որոնք կատարում են առանձին հանձնարարություններ։ Հավաքագրումը հաճախ արվում է Telegram-ով, իսկ կատարողներին վճարում են կրիպտոարժույթով։
Գերմանիայում և Լիտվայում վերջերս քննված մի քանի գործերում դիվերսիաների ենթադրյալ կատարողները ոչ թե Ռուսաստանի, այլ Ուկրաինայի կամ Բալթյան երկրների քաղաքացիներ են եղել։




























