Ֆրեզնոյի քաղաքապետ Ջերի Դայերի գլխավորած պատվիրակությունն այսօր այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Պատվիրակության կազմում էին Ֆրեզնոյի քաղաքային խորհրդի մի շարք անդամներ, ինչպես նաև Ֆրեզնոյում ՀՀ պատվավոր հյուպատոս պարոն Պերճ Աբգարյանը:

Հյուրերին դիմավորել և այցի ընթացքում ուղեկցել է ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը:

ԱՄՆ-ից ժամանած հյուրերը ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։

Այնուհետև հյուրերը շրջել են Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացել մշտական և ժամանակավոր ցուցադրություններին:

Շրջայցի ավարտին Ֆրեզնոյի քաղաքապետը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:

Շնորհակալություն հայտնելով այցի համար՝ Հրաչյա Թաշչյանը պատվիրակության ղեկավար պարոն Ջերի Դայերին է նվիրել Հայոց ցեղասպանության թանգարանի պատկերագիրքը։