Ռուսաստանը պետք է սառեցնի Ուկրաինայում իրականացվող ռազմական գործողությունները և խաղաղ բանակցություններ սկսի, հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։ «Ես շնորհակալ եմ նախագահ [Վլադիմիր] Պուտինին, որ նա մեծ ըմբռնումով ընդունեց իմ անձնական դիրքորոշումն այս հարցում։ Քանի որ բոլորս էլ՝ պետությունների ղեկավարներս, կողմ ենք Ուկրաինայի տարածքում ռազմական գործողությունների դադարեցմանը», — Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ համատեղ ասուլիսում ասել է Տոկաևը։ Նա նաև հավելել է, որ «մեծ հարգանքով» է վերաբերվում ուկրաինացի ժողովրդին, նրա պատմությանը, մշակույթին, ավանդույթներին ու լեզվին։ Միևնույն ժամանակ, Ղազախստանի նախագահի խոսքով, ինքը հասկանում է, որ «ներկայիս պայմաններում» պատերազմն անհապաղ ավարտելն «անիրատեսական կլիներ»։

Մինչ այս Տոկաևն անձամբ էր Պուտինին առաջարկել դադարեցնել ռազմական գործողությունները։ «Գուցե արժե՞ սառեցնել հակամարտությունն ու վերադառնալ «Ստամբուլ 2.0» տարբերակին, քանի որ այնտեղ էական արդյունքներ կային։ Բնականաբար՝ տերությունների տրամադրած երաշխիքներով», — հուլիսի վերջին Օմսկում կայացած հանդիպմանը նշել էր Տոկաևը։ Նա հավելել էր, որ Ուկրաինայի հարցով Եվրոպայից ու ԱՄՆ-ից «բազմաթիվ ազդակներ» է ստանում։ Այդուհանդերձ, Ղազախստանի նախագահը հրաժարվել էր միջնորդի դեր ստանձնել՝ ընդգծելով, որ Ռուսաստանն «ինքնուրույն էլ գլուխ կհանի»։