Հարավաֆրիկյան Հանրապետությունն ինը ամսվա ընթացքում արդեն երրորդ անգամ բացատրություններ տալու համար կանչել է ԱՄՆ դեսպան Լեո Բրենտ Բոզելին՝ այն բանի պատճառով, ինչը երկրի իշխանություններն անվանել են «ոչ դիվանագիտական վարքագիծ», հայտնում է Ֆրանսպրես գործակալությունը՝ հղում անելով ՀԱՀ ԱԳՆ բարձրաստիճան ներկայացուցչին։
Դիվանագիտական դեմարշը տեղի է ունեցել երեքշաբթի՝ Բոզելի կոշտ հոդվածի հրապարակման հաջորդ օրը. հոդվածում նա ՀԱՀ կառավարությանն մեղադրել էր «թշնամական վերաբերմունքի» մեջ։ Դրանից առաջ դեսպանը մի քանի հարցազրույց էր տվել տեղական լրատվամիջոցներին, որոնցում քննադատել էր Պրետորիայի քաղաքականությունը և դժգոհություն հայտնել այն բանից, թե ինչպես է նա արձագանքում Վաշինգտոնի պահանջներին։
«Նրան կանչել են, որպեսզի բացատրի իր ոչ դիվանագիտական վարքագիծը»,- ասել է հարավաֆրիկյան արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը։ Նա չի հստակեցրել, թե դեսպանի հատկապես որ խոսքերն ու գործողություններն են դարձել վերջին կանչի անմիջական պատճառը։
Ըստ նրա՝ սա արդեն երրորդ դիվանագիտական դեմարշն է Բոզելի նկատմամբ՝ ինը ամիս առաջ պաշտոնը ստանձնելու պահից ի վեր։ «Սա արդեն ռեկորդ է»,- հայտարարել է պաշտոնյան։ Դեմարշը մեկ պետության կողմից մյուսին ուղղված պաշտոնական դիվանագիտական դիմում է՝ բողոքով կամ բացատրություն պահանջելով։
Վաշինգտոնի և Պրետորիայի հարաբերությունները վերջին ամիսներին շարունակում են լարված մնալ։ Վիճահարույց հարցերի թվում են ՀԱՀ հողային քաղաքականությունը, սևամորթ բնակչության տնտեսական հնարավորությունների ընդլայնման միջոցները, երկրի հարաբերությունները Իսրայելի հետ և ՀԱՀ-ի կողմից ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան ներկայացված հայցն ընդդեմ Իսրայելի։
Հատկապես սուր տարաձայնություններ առաջացան Դոնալդ Թրամփի՝ Սպիտակ տուն վերադառնալուց հետո։ Ամերիկյան վարչակազմը քննադատել է հարավաֆրիկյան քաղաքականությունը հողային սեփականության և ռասայական անհավասարության հարցերում, իսկ Թրամփը բազմիցս հայտարարել է սպիտակամորթ հարավաֆրիկացիների հետապնդումների մասին։ ՀԱՀ իշխանությունները մերժում են այդ պնդումները։
Վաշինգտոնը միաժամանակ սեպտեմբերին վիզային սահմանափակումներ է մտցրել ՀԱՀ որոշ քաղաքացիների համար՝ ի թիվս այլնի հղում անելով ռասայական խտրականությանը և երկրի հողային սեփականության քաղաքականությանը։ Հարավաֆրիկյան Հանրապետության արտգործնախարար Ռոնալդ Լամոլան հայտարարել է, որ Պրետորիան չի պատրաստվում այդ քայլերին պատասխանել «ակն ընդ ական» սկզբունքով, սակայն պնդում է, որ իր ինքնիշխանությունը պետք է հարգվի։
Թրամփի վարչակազմի կողմից դեսպան նշանակված Բոզելն առաջին անգամ կանչվել էր Հարավաֆրիկյան Հանրապետության ԱԳՆ՝ երկիր ժամանելուց անմիջապես հետո։ Պատճառը նրա հայտարարություններն էին վիճահարույց «Սպանիր բուրերին (սպիտակամորթ ֆերմերներին), սպանիր ֆերմերին» կարգախոսի մասին և ՀԱՀ ներքին քաղաքականության որոշ կողմերի քննադատությունը։
Այս անգամ նոր դիվանագիտական առճակատումը հաջորդել է ԱՄՆ դեսպանատան կայքում հրապարակված Բոզելի հոդվածին։ Նա հայտարարել է, որ Վաշինգտոնը «սպառել է իր համբերությունը»՝ իր կարծիքով, ամերիկյան պահանջներին Պրետորիայի բավարար արձագանքի բացակայության պատճառով։
Միևնույն ժամանակ, Հարավաֆրիկյան Հանրապետության ԱԳՆ-ն հայտարարել է, որ երկու երկրների միջև տարաձայնությունները մնում են բանակցությունների առարկա, և երկու կողմերն էլ շահագրգռված են դրանց կարգավորմամբ։




























