ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից արհեստական բանականության համար տվյալների կենտրոնների կառուցման ակտիվ աջակցությունը կարող է բարդացնել հանրապետականների դիրքերը նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրություններում, հայտնում է Bloomberg գործակալությունը։
Քաղաքական ռազմավարները վարչակազմի ներկայացուցիչներին զգուշացրել են, որ իշխանությունները ռիսկի են դիմում պարտվել ԱԲ-ենթակառուցվածքների արագընթաց զարգացման շուրջ ընթացող հանրային քննարկումներում։
Վերջին հարցումները ցույց են տալիս, որ տասը ամերիկացիներից մոտ յոթը չեն ցանկանում նման օբյեկտներ տեսնել իրենց տների հարևանությամբ։ Դեմոկրատները փորձում են օգտագործել աճող դժգոհությունը՝ տվյալների կենտրոնների մասշտաբային կառուցումը կապելով կյանքի թանկացման և ընտրողներին հուզող տնտեսական խնդիրների հետ։
Իրավիճակին ծանոթ աղբյուրների փոխանցմամբ՝ վերջին ամիսներին քաղաքական խորհրդատուները Թրամփի վարչակազմի ներկայացուցիչներին զգուշացրել են տվյալների կենտրոնների վերաբերյալ նրա դիրքորոշման հետ կապված ռիսկերի մասին։ Չնայած դրան՝ նախագահը շարունակում է ակտիվորեն աջակցել արհեստական բանականության զարգացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ընդլայնմանը։
Այսպիսով, տվյալների կենտրոնների կառուցման հարցը աստիճանաբար առավելապես տեխնոլոգիական և տնտեսական թեմայից վերածվում է քաղաքական խնդրի, որը նոյեմբերյան ընտրություններից առաջ կարող է ազդել ընտրողների տրամադրությունների վրա։





























